Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է Ազգային ժողովի 132 պատգամավորներից 36-ը․ անհրաժեշտ (պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5 կողմ) ձայների բացակայության պատճառով Վճռաբեկ դատարանի դատավորներ չեն ընտրվել։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ հայտարարել էր, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի «բացահայտ անհարգալից վերաբերմունքի» պատճառով խորհրդարանն այսօր թեկնածունեից որևէ մեկին չի ընտրելու։
«Այս քայլով «Իմ քայլը» խմբակցությունը դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների նկատմամբ, որոնց մեծագույն ակնածանքով ենք վերաբերվում, այլ՝ ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների նկատմամբ», – պարզաբանել է Մակունցը:
ԲԴԽ-ն, հիշեցնենք, երեք թեկնածու էր առաջադրել։ Նրանցից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Պատգամավորներին առաջարկվում էր ընտրություն կատարեն մյուս երկու թեկնածուների միջև:
ԲԴԽ նախագահն ու «Իմ քայլը» պատգամավորները
ԱԺ նիստերը երկու օր շարունակ գերլարված մթնոլորտում էին անցնում։ Պատգամավորների հարցերին պատասխանում էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Հարցերի մեծ մասը, ճիշտ է, վերաբերում էին ոչ թե դատավորների ընտրությանը, այլև Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ին հրապարակված ուղերձին, որում՝ դիմելով Հայաստանի բոլոր դատավորներին, ԲԴԽ նախագահը հայտարարել էր․ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:
Իմքայլական պատգամավորները այս ուղերձը որակում էին որպես «քաղաքական հայտարարություն», «մարտակոչ դատավորներին» և պաշտոնի չարաշահում։ Նրանց կարծիքով՝ ԲԴԽ նախագահն այս ուղերձում դրսևորել է ոչ թե արդարադատության կրողի, այլ ընդդիմադիր քաղաքական գործչի կեցվածք։
Վարդազարյանը նրանց հարցերին պատասխանում էր հիմնականում հեգնանքով։ Վերջինս համառորեն պնդում էր, որ իր ուղերձը քաղաքական չէր, որ ինքը ընդհամենը «զսպվածության կոչ» է արել և որևէ կանոն չի խախտել։
Դատական իշխանության հեղինակությունն, ըստ նրա, այս ուղերձից հետո «միանշանակ բարձրացել է»։
«Վերջին երկու տարվա ընթացքում՝ ձեր իշխանության օրոք, դատական համակարգն իրապես անկախացել է», – ասում էր Վարդազարյանը և առաջարկում «այդ արդյունքը գովելի համարել»։
Նա հավաստիացնում էր՝ որևէ ճնշում դատական համակարգի նկատմամբ չկա, «նման փորձերը կանխվում են սկզբնական փուլում»․ «Չկա որևէ անձ, որը դատավորին կարող է հանձնարարություն տալ»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին էլ՝ պահպանվե՞լ է արդյոք ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ նրա մտերմությունը և որքանո՞վ է այդ ընկերությունն ազդում ԲԴԽ նախագահի պրոֆեսիոնալ գործունեության վրա, Վարդազարյանն արձագանքել էր՝ Վանեցյանի հետ իրենց ընկերությանը սկսվել է դեռևս 90-ականներին և շարունակվել է մինչ օրս․ «Այդ ընկերությունը մնացել է և հուսով եմ՝ կայուն մնալու է», – ասել էր ԲԴԽ նախագահը՝ վստահեցնելով, որ այն որևէ ազդեցություն իր անաչառության վրա չի թողնում։
Պատգամավորները ԲԴԽ ղեկավարի պատասխաններով, սակայն, չէին բավարարվում։
Լիլիթ Ստեփանյանն իր ելույթում նշում էր՝ Վարդազարյանը հայտնի ուղերձում արել է քաղաքական հայտարարություն, որը մարտակոչ էր դատավորներին․ «Դուք Ձեզ պահել եք ընդդիմադիր քաղաքական գործչի նման և արել եք հայտարարություն, որը կիլոմետրերով հեռու է ձեր զբաղեցրած պաշտոնից»։
Երկու օր շարունակ Ռուբեն Վարդազարյանը ծաղրում է հանրությանն ու պատգամավորներին, հայտարարում էր նույն խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը։
Հայաստանում, ըստ վերջինիս, արդարադատության իրականացումը դրամապանակի չափից է կախված՝ «եթե պատգամավորին ծեծած անձին դատավորն ազատ է արձակում, ուրեմն քառակի ավելի հանցագործ է հենց ինքը»:
Գողականների զանգերը
Այսօրվա նիստին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշել է՝ «երեկվա և նախորդ օրվա թեժ քննարկումներից հետո «օրենքով գողեր» են կապվել իր հետ՝ սպառնալից հայտարարություններով»:
«Հասկանալի է, թե ովքեր են այսօր հովանավորվում դատական համակարգի կողմից, այդ թվում՝ ԲԴԽ-ի», – եզրակացրել է պատգամավորը։
«Հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահի», – ասել է Մակունցը՝ վերահաստատելով՝ խմբակցությունը ԲԴԽ առաջադրած թեկնածուներից որևէ մեկին այսօր չի ընտրելու։