Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական բարեփոխումների հերթական փաթեթը։
Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ «Դատական օրենսգրքում» և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների սահմանադրականության հարցը որոշելու խնդրանքով: Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմից` նշելով, որ «օրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը»:
Աշխատակազմից հայտնել են, որ «օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից»:
Առաջարկվող փոփոխություններով, ի թիվս այլի, քաղաքացիներին հնարավորություն է տրվում դիմել ԲԴԽ՝ բողոքելով իրենց գործը քննող դատավորից։ Նախագծով առաջարկվում է նաև սահմանափակել միջնորդություններ ներկայացնելու, բացարկներ հայտնելու իրավունքը։ Փաթեթն Ազգային ժողովը նախագահի ստորագրմանն էր ներկայացրել մարտի 22-ին:
Ավելի վաղ Սարգսյանը մերժել էր Դատական օրենսգիրքում և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումների օրինագիծը՝ կրկին դիմելով ՍԴ։ ՝