Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Դատական օրենսգիրքում և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքներն և համապատասխան իրավական հիմնավորումներով ու փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրանց համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, հայտնում է նախագահի աշխատակազմը։
Հիշեցնենք, որ վերոնշյալ օրենսդրական փաթեթով, ի թիվս այլի, ներդրվում է մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը։ Առաջարկվում է նաև մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորների։
Օրենքները, ըստ նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021 թ. փետրվարի 4-ին: Այնուհետև դրանք ուսումնասիրվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի և անկախ փորձագետների ու իրավաբանների կողմից:
«Օրենքների վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:
Հանրապետության նախագահը չի ստորագրել Օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,- ասվում է հայտարարության մեջ: