Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ մեգանախագիծը», որը նախատեսում է Մեծ Եղեռնի տարելիցին ընդառաջ 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում:
Հարյուրից ավել ռոյալները ձեռք են բերվել Համահայկական դրամահավաքի միջոցով։ Ինչպես «Դարի ղողանջ»-ն է հայտնում՝ դրանք Ծիծեռնակաբերդում կնվագեն դասական արվեստի ստեղծագործություններ:
Ծրագիրը, ըստ նախատեսված, պետք է իրականացվեր 2020 թվականին (ցեղասպանության 105-ամյակին նվիրված միջոցառումների մասին կարող եք կարդալ «SMS 1915 կարճ համարին՝ և ձեր անունը կհայտնվի Ծիծեռնակաբերդում» հոդվածում)։ Համավարակի պատճառով անցյալ տարի այն հետաձգվեց։
«Այժմ այն իրագործվում է, – գրում է հիմնադրամը, – մարտի 2-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կտրվի ծրագրի մեկնարկը»:
«105 ռոյալ մեգանախագծի» պաշտոնական հոլովակը (հրապարակվել է 2019-ի սեպտեմբերին՝ համահայկական դրամահավաքին ընդառաջ)
Ազնավուրի հրապարակում այսօր միջոցառման համար տաղավար է տեղադրվել․ քաղաքապետարանից խոստանում են, որ բացումից հետո այն կապամոնտաժվի, «և երեխաների սիրած շախմատը կվերադառնա իր տեղը»:
Նախագիծը իրականացվում է Հայաստանի ԿԳՄՍ, ԱԳ նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ: «Դարի ղողանջ»-ը նշում է, որ հիշատակի այս միջոցառումներից հետո ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի երաժշտական դպրոցներին։ 150 ռոյալներից 10-ը կուղարկվի Արցախ։
Որքան գումար է ծախսվել 100-ից ավել ռոյալների գնման և տեղափոխման վրա, որքան գումար է հանգանակվել համահայկական դրամահավաքի ընթացքում՝ «Դարի ղողանջ»-ը չի նշում։