Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ գլխավոր դատախազությունը դիմում է ուղարկել Ռազմական ոստիկանություն՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու:
Այս տարվա փետրվարի 16-ին «Արմնյուզին» տված իր հարցազրույցում, Սարգսյանը, հերքելով մեղադրանքները, թե իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում բանակը թալանվել է, թալանի մեջ մեղադրել էր գործող իշխանությանը։ Ի թիվս այլի, Սարգսյանը հայտնել էր, թե հենց պատերազմի օրերին կառավարությունը, շրջանցելով Պաշտպանության նախարարությանը, զրահաբաճկոններ է գնել մի քանի անգամ բարձր գնով՝ 600 դոլարով։
Նախկին պաշտոնյան հավելել էր, թե իր օրոք ժամանակակից զինատեսակներ գնելու ծրագիր է հաստատվել՝ ֆինանսական հստակ աղբյուրներով։ Այդ ծրագրով նախատեսված էր մինչև 2024 թվականը Հակաօդային պաշտպանության համակարգեր և 2500 անօդաչու թռչող սարք ձեռք բերել, որից ավելի քան հազարը՝ մինչև 2020-ը, նաև, սակայն Փաշինյանի կառավարությունն այդ ծրագիրը փոխել է։
Ի դեպ, հարցազրույցի հաջորդ օրը՝ փետրվարի 17-ին, «Ինֆոքոմ»-ի խմբագրությունը գրավոր հարցմամբ դիմել է ՊՆ, ճշտելու՝ արդյո՞ք Սարգսյանի՝ ԱԹՍ-ների վերաբերյալ հայտարարությունները համապատասխանում են իրականությանը։ Խմբագրությունը հայտնել է, որ հարցման մեջ խնդրել էին նաև հստակեցնել՝ եթե հայցվող տեղեկությունները պարունակում են որեւէ մակարդակի պետական կամ ծառայողական գաղտնիք, ապա Սերժ Սարգսյանի հայտարարությունը համարվու՞մ է գաղտնիքի բացահայտում, թե՞ ոչ։
Մարտի 31-ին ՊՆ-ն մերժել է տեղեկության տրամադրումը՝ նշելով, որ հայցված տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք և հղվել մի շարք իրավական ակտերի։ Նախկին նախագահի հայտարարությունների՝ պետական գաղտնիք համարվելու հարցով նախարարությունը լրագրողներին բանավոր առաջարկել է դիմել Ազգային անվտանգության ծառայություն։
ԱԱԾ-ն ապրիլի 6-ին Ինֆոքոմին պատասխանել է, որ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները կամ զարգացման ծրագրերը բացահայտող տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորությունները վերապահված են Պաշտպանության նախարարությանը և առաջարկել կրկին դիմել ՊՆ։
Այսպիսով՝ ՊՆ-ն և ԱԱԾ-ն բացահայտ գցում են իրար վրա։ Կառույցներից և ոչ մեկը չի հստակեցնում՝ նախկին նախագահը պետական գաղտնիք հայտնել է, թե ոչ։