2019 թվականի մայիսի 20-ին՝ դատարանների շրջափակման օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց դատական համակարգում «վիրահատական միջամտությունների» մեկնարկը․ հինգ կետից բաղկացած գործողությունների քարտեզը ենթադրում էր համատարած վեթինգի և անցումային արդարադատության մեխանիզմների ներդրում՝ հրատապ և արմատական («եթե պետք լինի՝ սահմանադրական փոփոխություններով», «եթե պետք լինի՝ համաժողովրդական հանրաքվեով»)։
Սահմանադրական փոփոխությունների կարիք բայց չեղավ։ Մեկ տարվա ընթացքում վեթինգն ու անցումային արդարադատությունը փոշիացան․ փոխարենն առաջարկվեց և ընդունվեց նոր Դատական օրենսգիրք, իսկ արմատական փոփոխությունները փոխարինվեցին «աստիճանական բարեփոխումներով»։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ դա կոչվում է «հայկական վեթինգ»․ կձևավորվեն նոր հանձնաժողովներ, նրանք կվերահսկեն դատավորների բարեվարքությունն ու վերջին տարիների հայտարարագրերը, եթե լինեն խախտումներ՝ կդիմեն ուրիշ հանձնաժողովներին, կդիմեն Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), անհրաժեշտության դեպքում՝ նաև Դատախազություն։ Կլինեն դանդաղ փոփոխություններ։ Նախարարը վստահ է՝ եթե վերահսկող նոր հանձնաժողովները «ճիշտ ձևավորվեն և ճիշտ գործեն», համակարգն աստիճանաբար կբարեփոխվի։ Իսկ եթե չէ՝ «եթե տեսնենք, որ որևէ բան չի օգնում և դատական համակարգի նկատմամբ վերահսկողությունը շարունակում է նույնը մնալ», կարող ենք «բոլոր բացասական փորձերը հաշվի առնելով՝ նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ և ներդնել հաջողված վեթինգի փորձ»։ Հավանաբար՝ մի քանի տարուց։ Վարչապետ Փաշինյանը համաձայն է․ «մենք ոչ թե գերանդին առնում ու հնձում ենք ամեն ինչ և ամենուր, մենք նաև համակարգերին շանս ենք տալիս, որպեսզի իրենք այդ խնդիրները լուծենք»։
Վարչապետ Փաշինյանի ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հանդիպումը, որը հեռարձակվում էր նաև ֆեյսբուքի ուղիղ եթերով, փորձում էր ձևակերպել փոփոխությունները և արդարացնել ակնկալվող վեթինգի բացակայությունը։
Կա կարծիք, ասում էր նախարարը, որ այն, ինչ արվում է այժմ Դատական օրենսգրքով, վեթինգ չէ։ Ըստ նրա՝ վեթինգ ասելով այս պարագայում նկատի է առնվում ալբանական մոդելը [որին նման էր Փաշինյանի «ծրագիրը»՝ ձևակերպված 2019-ի մայսիսն], համաձայն որի բոլոր դատավորներները պետք է «ստուգվեն» միանգամից (ըստ նախատեսվածի՝ 5 տարվա ընթացքում) և համատարած։ Այս մոտեցումը, ըստ Բադասյանի, Սահմանադրական փոփոխություններ էր պահանջում․ եթե Հայաստանը կրկնօրինակեր Ալբանիային, պետք է փոխեր Սահմանադրությունը, ստեղծեր հատուկ մարմին, որի կարգավիճակը Սահմանադրությամբ հավասարեցված կլիներ դատական ատյանին, ստեղծեր ևս մեկ մարմին, որտեղ վերաքննության կարգով կվիճարկվեին առաջին մարմնի որոշումները։
Հակասահմանադրական կարգավորումների հետ կապված ռիսկերից, եվրոպական կառույցների հետ հավանական խնդիրներից բացի, այս մոտեցումը, ըստ Բադասյանի, պարունակում էր նաև համակարգային վտանգներ։ Նույն Ալբանիայում, օրինակ, վեթինգի արդյունքում Գերագույն դատարանի (համեմատելի է Հայաստանի Վճռաբեկ դատարանի հետ) 19 դատավորից մնացել էր ընդհամները մեկը, իսկ Սահմանադրական դատարանում մնացել էր 3 կամ 4 դատավոր, ինչը բավարար էր, որպեսզի վեճն ընդունվեր վարույթ, բայց բավարար չէր, որպեսզի քննություն արվեր։ Դատական համակարգը երկար ժամանակ «գործում էր» մասնատված ձևով, որոշ դեպքերում՝ չէր գործում առհասարակ։
Փաշինյան․ – Ինչպե՞ս ենք մենք ազատվելու վատ դատավորներից։
Բադասյան․ – Ավելի կարևոր է ոչ թե՝ ով է լքելու դատական համակարգը, այլ ով է համալրելու դատական համակարգը։
Դատավորների փոփոխության խնդիրը Հայաստանում կարող է սրվել նաև դատավորի պաշտոնին հավակնող թեկնածուների անբավարար քանակի պատճառով։ Ընդհանուր առմամբ, ասում է Բադասյանը, Հայաստանում կա 244 դատավոր, որոնցից 183-ը՝ առաջին ատյանի դատարանում, 44-ը՝ վերաքննիչում, 17-ը՝ վճռաբեկ դատարանում։ Հաստիքներից 7-ը այժմ թափուր են։ Վերջին 2 տարիների ընթացքում ընդհամենը 30 իրավաբան է եղել, որ հաղթահարել է դատավորի թեստավորման փուլը և ուսումնառություն է անցել (կամ անցնում) Արդարադատության ակադեմիայում։ Այսինքն՝ ամբողջ Հայաստանով մեկ կա ընդհամենը 30 մասնագետ, որ կարող է հավակնել դատավորի թափուր հաստիքին։ Նրանցից ընհամենը 6-ն են, որ ունեն քրեական մասնագիտացում։ Արմատական բարեփոխումների և կադրային փոփոխությունների համար այս թիվը խիստ անբավարար է։
Կառավարությունն, պաշտոնյայի կարծիքով, ստեղծված իրավիճակում էական ջանքեր պետք է գործադրի համակարգի գրավչությունը մասնագետների համար բարձրացնելու ուղղությամբ․ առաջիկա երեք տարիների ընթացքում աստիճաբար պետք է բարձրացվեն դատավորների աշխատավարձերը (2020 թվականին՝ 50, 2021-ին՝ 60, 2022-ին՝ 70 տոկոսով, այս պահին առաջին ատյանի դատավորի աշխատավարձը, ըստ օրենքի, կազմում է շուրջ 661 հազար, Վերաքննիչ դատարանի դատավորինը՝ 727 հազար դրամ, Վճռաբեկինը՝ 760 հազար դրամ), պետք է կրճատվի թղթաբանությունը, ներդրվեն նոր թվայնացված և ավտոմատիզացված համակարգեր, որոնք կթեթևացնեն դատավորների բեռը և կվերացնեն մեխանիկական աշխատանքը՝ հատկապես, անվիճելի ակտերի, վճարման կարգադրությունների և այլնի մասով։ Բադասյանը վստահեցնում է՝ այս ուղղությամբ աշխատել են, մինչև 2022 թվականն իրավիճակը շեշտակի կփոխվի։ Միաժամանակ կներդրվեն նաև նոր ընթացակարգեր (դատավորի թեկնածուի բարեվարքության ստուգում), որոնք կխստացնեն դատավորի նշանակման ընթացակարգը։ Սա, նախարարի կարծիքով, նախադրյալներ կստեղծի՝ համակարգը նոր («լավ») դատավորներով համալրելու համար։
Զուգահեռաբար 2020-ի ընթացքում կներդրվեն մեխանիզմներ (սահմանված օրերս ուժի մեջ մտած նոր Դատական օրենսգրքով), որոնք կօգնեն նաև աստիճանաբար ազատվել «վատ» դատավորներից։
Նախ՝ հայտարարագրերը ստուգելու միջոցով․ դատավորները այսուհետ գույքի և եկամուտների հայտարարագրերը կներկայացնեն ոչ թե էթիկայի, այլ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Վերջինս՝ ունենալով նաև ֆինանսական տվյալներին մատչելիություն, հայտարարագրերը կվերստուգի և կվերլուծի։ Օրինական եկամուտներով չհիմնավորված կարողությունների (նաև՝ կեղծված կամ թաքցված տվյալների) ի հայտ գալու դեպքում կառաջանա կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ նյութերը Գլխավոր դատախազություն ուղարկելու խնդիր։ Կարգապահական պատասխանատվության շրջանակներում դատավորները Բարձրագույն դատական խորհրդի՝ ԲԴԽ-ի կողմից կարող են զրկվել նաև կարգավիճակից։
Դատավորների նշանակումն ու հեռացումը, ինչպես և նախկինում, վերապահված է ԲԴԽ-ին։ Անցումային դրույթներով նախատեսվում է, որ առաջինը մշակված ընթացակարգով պետք է անցնեն հե՛նց ԲԴԽ անդամները։
Կստեղծվի նաև դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը կհետևի՝ որքանով են դատավորի կողմից պահպանվում գործի քննության ողջամիտ ժամկետները, արդյոք դատական ակտերը համապատասխանում են հիմնավորվածության չափանիշներին, արդյոք դատավորի կողմից պահպանվում են էթիկայի նորմերը և վարքագծի կանոնները։ Դրա հիման վրա հանձնաժողովը կկազմի դատավորների առաջխաղացման ցուցակներ, կդիտարկի վերապատրաստումների հարցը․․․Կոպիտ խախտումների ի հայտ գալու պարագայում (եթե չեն անցել վաղեմության ժամկետները), հանձնաժողովը կդիմի նորաստեղծ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, որն էլ, ըստ անհաժեշտության, միջնորդություն կներկայացնի ԲԴԽ՝ կարգապահական վարույթ հարուցելու համար։
Հանձնաժողովը բաղկացած է լինելու 5 անդամից՝ ընտրված դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Երեքը՝ դատավոր, երկուսը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Մրցույթն իրականացվելու է ԲԴԽ-ի կողմից սահմանված չափանիշներով։
«Հայկական վեթինգն», այսպիսով, երեք գործիք ունի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժող, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով։ Առաջինն անկախ մարմին է, երկրորդն ու երրորդը վերապահված են դատական մարմիններին․ «Հենց դատական համակարգն է զբաղվելու համակարգի առողջացմամբ՝ երաշխավորելով դրա անկախությունը։ Գործադիր իշխանության դերը պետք է հասցվի նվազագույնի»։ Եթե այս գործիքները չաշխատեն, նախարարը խոստանում է, որ «մենք կարող ենք բոլոր բացասական փորձերը հաշվի առնելով՝ նախաձեռնել Սահմանադրական փոփխություններ և հաջողված վեթթինգի փորձ ներդնել, որը անխուսափելիորեն ռիսկեր է պարունակելու»։ Հավանաբար՝ մի քանի տարուց։
Նախարար Բադասյանի և վարչապետ Փաշինյանի քննարկմանը մայիսի 12–ին խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Վերջինիս արձանագրեց, որ Արդարադատության նախարարությունը «ամբողջությամբ տապալել է» վեթինգի գործընթացը․
«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ ջանք ու եռանդ չխնայեց ապացուցելու համար, թե ինչու և ինչպես Հայաստանում հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած վեթինգ ու անցումային արդարադատություն, թե ինչու հնարավոր չէ կիրառել բարեվարքության իրական և ոչ ձևական կանոններ, որոնք կստիպեն դատավորներին նախկինից տարբերվող գործելաոճ որդեգրել։
Ռուստամ Բադասյանը երեկ գործնականում ռեկորդ սահմանեց այն հարցում, թե ինչպես կարելի է հեղափոխության առաջնորդին համոզել, որ ճիշտը ոչ թե հեղափոխական փոփոխություններն են, այլ այն ամենի պահպանումը, հանուն որի փոփոխության տեղի է ունեցեն հեղափոխությունը։ Եվ սա այն դեպքում, երբ մենք այսօր Նիկոլ Փաշինյանի և ձեր քաղաքական մեծամասնության Արդարադատության նախարարից պետք է լսեինք դատական համակարգում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու ռազմավարություն մշակելու մասին ուղիղ մեկ տարի առաջ՝ մայիսի 24-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականի կատաման մասին հաշվետվություն։ Բայց փոխարենը մենք լսեցինք, թե ինչպես Արդարադատության նախարարը վարչապետին զեկուցեց, որ ամբողջությամբ տապալել են նրա իսկ տված հանձնարարականի կատարումը։
Այսպիսով, Ռուստամ Բադասյանը երեկ արձանագրեց, որ այլևս պետք է մոռանալ իրական վեթինգի, իրական անցումային արդարադատության ու բարեվարքության կանոնների մասին, քանի որ պարզվում է, որ դրանց կիրառմանը խանգարում է Սահմանադրությունը, Վենետիկի հանձնաժողովը, խանգարում է ամեն ինչ, ինչ հնարավոր է», – նշեց Բաբաջանյանը։