Անցումային արդարադատությունն իրավական և որոշ դեպքերում նաև ոչ իրավական քայլերի հաջորդականություն է, որը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել անցյալում մարդու իրավունքների խախտումների և օրենքի խախտումների հետ կապված քայլերի համար։ Այստեղ պետք է հասկանալ, որ այն զոհերի համար որոշակի փոխհատուցում է ենթադրում, ինչպես նաև՝ կառուցվածքային բարեփոխումներ, և շատ կարևոր է այս հարցում հանրային երկխոսություն վարելը և քաղհասարակության հետ աշխատելը, որպեսզի համաձայնություն լինի։ Ամերիկացի ացնումային արդարադատության մասնագետ Ռուբեն Կարանցան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացատրել է՝ ինչ է իրենից ներկայացնում անցումային արդարադատությունը և ինչպես իրականացնել դատավորների և դատական համակարգի վեթթինգը։
Խոսելով գործընթացի կարևորության մասին, Կարանցան նշել է, որ այն պետք է ներդրված լինի ցանկացած երկրում, սակայն ոչ միշտ է, որ արդեն ներդրված համակարգերն աշխատում են․ «Փորձեր են արվում վերահսկել դատաիրական համակարգը և խանգարել, որպեսզի իրենք իրենց գործառույթները չկատարեն։ Նմանատիպ դեպքերում է անհրաժեշտություն առաջանում մեկ քայլ հետ կանգնել և դիտարկել, արդյոք պետք է որոշակի շոշափելի փոփոխություններ կատարել, որպեսզի համակարգն սկսի իսկապես գործել»։
«Vet» բայը անգլերենում նշանակում է «ստուգել, ֆիլտրել», և այս դեպքում խնդիրը կայանում է նրանում, որ հնարավոր լինի զատել նրանց, ովքեր կարող են աշխատել, նրանցից, ովքեր չեն կարող դա անել այնպես, ինչպես հարկն է։
Ռուբեն Կարանցան պատասխանեց նաև հարցին՝ որդյոք Հայաստանը լյուստրացիայի մասին օրենքի կարիք ունի․ «Պետք է ասել, որ լյուստրացիան իր պատմությունն ունի։ Եվ որոշ դեպքերում դա վերաբերել է կոնկրետ քաղաքական կուսակցության անդամակցությանը, ինչ֊որ դեպքերում՝ անվտանգության ծառայություններում մասնակցությանը։
Իհարկե, կա որոշակի համընկնում վեթթինգի հետ, սակայն մենք գերադասում ենք «վեթթինգ» հասկացությունը, որովհետև այստեղ գործում են այն չափանիշները, որոնք լյուստրացիայից քիչ են քաղաքականացված»։ Իհարկե, շարունակել է Կարանցան, պետք է սկսել մաքրել համակարգը, բայց նաև կարևոր է բարձրացնել պրոֆեսիոնալիզմը, որպեսզի դատավորները կարողանան ավելի լավ զբաղվել մարդու իրավունքների հարցերով։
Մասնագետը դժվարացավ ասել, թե որքան ժամանակ կպահանջվի՝ հանրային վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ բարձրացնելու համար։ «Բարդ է ասել, և հույս ունեմ, որ սխալ կլինեմ, թե որքան ժամանակ կպահանջվի, որովհետև ոչ֊ոք չէր մտածում, որ Հայաստանն, օրինակ, կկարողանա մեկ ընտրություններով վերականգնել վստահությունն իր օրենսդիր իշխանության նկատմամբ»։ Այս առումով մասնագետը վատատես է, սակայն, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ նույնը տեղի կունենա հայաստանյան դատարանների և դատավորների հետ։
Մայիսի 24-ին ԱԺ-ում անցումային արդարադատության հարցերով լսումներ տեղի ունեցան։ Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումն այլևս կենսական անհրաժեշտություն է երկրի համար։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հաջորդել էր Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուն։