Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարությամբ դիմել են Բարձրագույն դատական խորհրդին՝ կոչ անելով համարժեք արձագանք տալ Ռոբերտ Քոչարյանի և Վաչագան Ղազարյանի գործերով Սահմանադրական դատարանի որոշումներին, որոնք, ըստ նրանց, խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառույթային տարանջատման սկզբունքը: Վճռաբեկ դատարանը փաստացի դժգոհություն է հայտնել Սահմանադրական դատարանի՝ իրեն ուղղված գնահատականների առնչությամբ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Ունենալով իրավասությունների՝ սահմանադրորեն հստակ ամրագրված շրջանակ, պետական մարմիններն իրենց գործառույթները պետք է իրականացնեն այնպես, որ հարգանք դրսեւորվի միմյանց լիազորությունների ու նաեւ հեղինակության նկատմամբ։ Մինչդեռ, Սահմանադրական դատարանի՝ Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1453 եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումներում տեղ գտած գնահատականները, որտեղ մի դեպքում Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորության իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում՝ բարձրագույն դատական ատյանի (բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի) գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության եւ իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում, խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջեւ օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառույթների տարանջատման սկզբունքը»։
Վճռաբեկ դատարանի դատավորները կոչ են արել ԲԴԽ֊ին քննարկել ոչ միայն իրենց այս հայտարարությունը, այլ նաև Վճռաբեկ դատարանի որոշումը՝ Քոչարյանին ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ՝ հրապարակային դարձնելով նրա կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները։