Դատաիրավական բարեփոխումների շարժման շրջանակներում ֆեյսբուք սոցիալական ցանցում գործող «Ուրիշի փողերն ու մեր փողերը» էջը վերջին օրերին հատվածաբար հրապարակում է դատավորների և նրանց ընտանիքի անդամների անհայտ ծագմամբ դրամական միջոցների մասին հայտարարագրերը։ Մասնավորապես, հիշատակվում են հետևյալ դատավորները․
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը բնակվում է 71 ամյա Նոյեմ Հովսեփյանի հետ։ Թոշակառու այս կինը, ըստ հայտարարագրի, 2016 թվականին 21,000,000 դրամի փոխառություն է հանձնել։ Ըստ նույն հայտարարագրի, կինը զբաղվում է ձեռնարկատիրությամբ. նրա անունով է գրանցված «Լեքսարթ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ն (արդյո՞ք դատավոր Հովհաննես Ղազարյանի վարույթում երբևիցե եղել է այնպիսի քր․ գործ, որի պաշտպանությունը իրակնացրել է «Լեքսարթ» փաստաբանական գրասենյակի որևէ փաստաբան):
Դատավոր Հովհաննես Ղազարյանը, ի դեպ, 2015 թվականին ստացել է 170,000 դոլարի նվիրատվություն։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հայտարարագրված դրամական միջոցները 2016 թվականին կազմել են 20,000,000 դրամ և 180,000 դոլար։
Նրա կնոջ անունով հայտարարագրված դրամական միջոցները կազմում են 410,000 դոլար և 15,000,000 դրամ։
Դավիթ Հարությունյանը ունի 3 բնակարան, 2 ավտոտնակ, 2 բնակելի տուն, 1 հողամաս։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի դրամական միջոցները կազմում են 14,000,000 դրամ։
Նրա կնոջ դրամական միջոցները 2017 թվականին կազմել են 228,000,000 դրամ և 294,000 դոլար։
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանի հայտարարագրված դրամական միջոցները կազմում են 12,000,000 դրամ և 10,000 դոլար։
Դատավորի կնոջ դրամական միջոցները կազմում են 69,000,000 դրամ և 118,000 դոլար։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի հայտարարագրված դրամական միջոցները կազմում են 18,000 դրամ և 43,000 դոլար։
Նրա կնոջ դրամական միջոցները կազմում են 14,000,000 դրամ, 49,500 դոլար և 33,000 եվրո։
Արթուր Ստեփանյանի հորեղբայրը դատավոր Վարդան Ստեփանյանն է, մորեղբայրը՝ քննիչ Գևորգ Ադամյանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանը 2018 թվականին ստացել է 5,600,000 դրամի նվիրատվություն, 2017-ին՝ 700,000 դրամի։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանի դրամական միջոցները կազմում են 108,000,000 դրամ, 96,000 դոլար և 4000 եվրո։
Նրա կնոջ դրամական միջոցները կազմում են 36,500,000 դրամ։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արա Բաբայանի դրամական միջոցները կազմում են 15,000,000 դրամ և 5900 դոլար։
Նրա կնոջ՝ Արմինե Սարգսյանի դրամական միջոցները կազմում են 106,000,000 դրամ, 27,000 դոլար և 100 եվրո։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանի դրամական միջոցները կազմում են 21,000,000 դրամ, 35,000 դոլար և 50,000 եվրո։
Նրա ամուսինը՝ Տիգրան Մարտիրոսյանը, 2018 թվականին ստացել է 65,000,000 դրամի նվիրատվություն։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին «Հանուն անկախ դատարանի» ակցիային զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին ելույթ ունեցավ դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթթինգի։ Ավելի ուշ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը կոչ արեց բոլորին, ովքեր ունեն փաստեր որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի և վերաբերմունքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անկարողությունների մասին, անհապաղ հրապարակել դրանք: