Այսօր՝ ժամը 16.00-ին նշանակված էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության որոշման հրապարակումը։ Հրավիրված նիստը, սակայն, չկայացավ՝ ԲԴԽ անդամների թվի անբավարարվածության պատճառով․ ըստ օրենքի, որպես դատարան հանդես գալու դեպքում ԲԴԽ նիստն իրավազոր կարող է համարվել անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում:
Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը տեղեկացրել էր, որ այսօր՝ հունիսի 14-ին, պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։
«Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և վաղը պաշտոնապես կներկայացնեմ հրաժարական (պատճառները կշարադրեմ հրաժարականի տեքստում)։
Մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք Խորհրդի նորացված կազմին,» – գրել է Մեղրյալը ֆեյսբուքի իր էջում։
Երեկ՝ հունիսի 13-ին, հրաժարական է ներկայացրել նաև ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը։ Ավելի վաղ՝ հունիսի 7-ին, խորհուրդը լքել է ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը, ով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի մայիսի 24-ին ներկայացված հրաժարականից հետո ստաձնել էր խորհրդի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները։ Այժմ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սերգեյ Չիչոյանը։
Տասը անդամ ունեցող Բարձրագույն դատական խորհուրդը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: ԲԴԽ-ի լիազորությունների մեջ է մտնում դատավորների, դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուների առաջադրումը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը: