Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԲԴԽ մամուլի քարտուղար Արման Խաչատրյանը:
«Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում», – հրաժարականի իր դիմումի մեջ գրում է Գագիկ Հարությունյանը՝ հավելելով, որ տարիներով կուտակ իր ասելիքը կներկայացնի հաջորդիվ։ Նա եզրափակում է դիմումը «Աստված պահապան մեր երկրին և ժողովրդին» բառերով։
Գագիկ Հարությունյանը Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարում էր 2018 թվականի մարտից, մինչ այդ 22 տարի եղել է Սահմանադրական դատարանի նախագահ։ Տասը անդամ ունեցող Բարձրագույն դատական խորհուրդը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: ԲԴԽ֊ի լիազորությունների մեջ է մտնում դատավորների, դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուների առաջադրումը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 23-ին մի խումբ քաղաքցիներ բողոքի ակցիա էին իրականացնում Բարձրագույն դատական խորհրդի դիմաց՝ պահանջելով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը։