Հունիսի 19-ին Սիսիանի Շաքի գյուղը սգում էր զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան 40-օրը։
«Անբացատրելի դատարկություն ա շուրջը, անտանելի ա ուղակի պատկերացնելն անգամ, որ կյանքը սիրող, կյանքն ապրող, կյանքից չհագեցող Արգիշտին էլ չկա։ Ուղղակի մի երկու մարդկային կերպարանքով գազան որոշեցին, որ դու էլ չպիտի ապրես։
Իսկ ՊՆ-ն լուռ ա, չկա բացատրություն, թե ոնց խաղաղ պայմաններում կարայինք հենց էնպես, ուղղակի զրկվել մեր միակ ժառանգից, մեր մինուճարից, ինքն էլ տականք հայի ձեռքով։
Հատ-հատ եք պատասխան տալու, մեծից մինչև փոքր մահ եք մուրալու», – գրել է զինվորի քույրը՝ Նելլի Եղյանը։
20-ամյա Արգիշտի Եղյանի մարմինը հայտնաբերել էին մայիսի 11-ի առավոտյան։
Քննչական կոմիտեն դեպքն իսկույն ինքնասպանություն էր որակել․ «Հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել»:
Հաղորդվել էր, որ զինծառայողին «ինքնասպանության հասցնելու կասկածանքով» ձերբակալվել են նրա երկու ծառայակիցները։
Արգիշտիի հարազատները և համագյուղացիները ինքնասպանության վարկածը բացառում են՝ վստահ են, որ տղային սպանել են․ զինվորի մարմնին բռնության հետքեր կային։
Արգիշտի Եղյանը Շաքի գյուղի լավագույն աշակերտներից էր։ 2021 թվականին ընդունվել էր ԵՊՀ՝ օտար լեզուների և հաղորդակցությունների ֆակուլտետ: Flex ծրագրով Շաքիի հանրակրթական դպրոցից նա ավելի վաղ մեկնել էր ԱՄՆ․ համավարակի պատճառով ուսումը կիսատ էր թողել և վերադարձել Հայաստան։ Ավարտել էր դպրոցը և, որպեսզի ուսումնական տարին չկորցնի, 2021-ին ընդունվել էր Երևանի պետական համալսարան։
Կես տարի սովորելուց հետո Արգիշտին զորակոչվել էր, ծառայում էր Վարդենիսի Սոթքի զորամասում: Մտադիր էր բանակից հետո Էրասմուս կրթական ծրագրով ուսումը շարունակել արտերկում:
«Որոտան» թերթի հետ զրույցում նրա ծնողները պատմել են, որ ծառայության ողջ ընթացքում տղան չի բողոքել, որևէ անգամ չի դժգոհել, իրենք հանգիստ էին ու վստահ, որ ամեն ինչ կարգին է:
Հեռախոսով խոսել են ամեն օր։ Դեպքի նախօրեին էլ զանգահարել, շնորհավորել է քեռու ծննդյան օրը, երեկոյան լավ տրամադրությամբ զրուցել հոր հետ: Մոսկվայում և Արարատում ապրող քույրերին խնդրել է հուլիսին՝ իր հերթական արձակուրդին, Շաքի գալ, որ ընտանիքը միասին լինի:
«Իմ տղան կյանքը շատ էր սիրում, նրա բոլոր պլանները ապագայի հետ էին կապված, ու էդ ապագան էնքան գեղեցիկ էր պատկերացնում: Մեր բոլորի ապագան էր գեղեցիկ պատկերացնում, ու պիտի փոխեր այն: Մեզ ասում էր` դուք ճիշտ չեք ապրում, շատ եք չարչարվում:
Արգիշտին էս կյանքում միայն մի «թերություն» ուներ․ նրան խորթ էին փողոցային «բարքերը», կռիվները, բարի էր, լրիվ ուրիշ աշխարհի մարդ, չէր պատկերացնում, որ կարող են դեմքին ժպտալ, հետևից դավեր նյութել, չէր տարբերում լավ ու վատ մարդկանց, որովհետեւ ինքն էնքա՜ն մաքուր էր, բոլորին իր նման էր պատկերացնում։ Իր միակ «թերթությունը» դարձավ ճակատագրական:
Արգիշտիս ընկավ մի ոհմակի մեջ, որ չգիտեր նրա արժեքը։ Հոշոտեցին էրեխուս: Եթե պատերազմ լիներ, եթե թշնամու գնդակից լիներ, կասես` հա, պատերազմ է, բայց ներսի թշնամին դրսի թշնամուց ավելի սարսափելի է:
Չեմ կարողանում հասկանալ` ինչու և՛ վաշտի հրամանատարը, և՛ որեւէ մեկը տեղյակ չի եղել, ինչու է Արգիշտին այդ օրը կրկնակի հերթապահության կանգնել դիրքում: Ինչո՞ւ բանակը կարգ ու կանոն չի պահում, ախր էս երեխեն մեր ազգին, մեր հասարակությանը էնքան պիտանի մարդ պիտի դառնար: Էսքան անտարբերությու՞ն… էրեխեքին բանա՞կ են տանում, թե՞ սպանդանոց:
Էս ամենը հրամանատարության անտարբերության արդյունք է, ու դեռ ասում էին` ամենակարգապահ վաշտն է: Մենք երեխա ենք վստահել իրենց, իրենց երեխաների հետ էդպե՞ս կվարվեին:
Ինչո՞ւ հաշվի չեն առել զինվորի անհատական որակները, ինչո՞ւ են -2,75 տեսողությամբ զինվորին միայնակ դիրք ուղարկել: Արգիշտիի ակնոցը ջարդվել էր, մինչ մենք նորը կուղարկեինք առանց ակնոց դիրք է կանգնել… Ինչո՞ւ են այդքան անտարբեր: Չգիտեմ` սրա պատասխանն ով է տալու, ով է մեղավոր, բայց հույս ունենք, որ նրանք կպատժվեն», – Որոտանին ասել է մայրը՝ Մարինեն։
«Երեկ Սիսիանի Շաքի գյուղը սգում էր զինծառայող Արգիշտի Եղյանի բռնի մահվան 40 օրը։ Անասելի ցավ ու վիշտ։ Գյուղի սիրված երեխան, գյուղի հպարտությունը։ Բարձր գիտելիքներ, եզակի ունակություններ, լեզուների իմացություն։ Ընտանիքի միակ որդին։ Ցավակցական որևէ խոսք ՊՆ-ն չի հայտնել անգամ զորամասի հրամանատարի մակարդակով, բացատրություններ նույնպես չեն տրվել։ Միակ ցավակցական հեռագիրը ստացվել էր ԱՄՆ դեսպանից, որոնց ծրագրերից մեկով Արգիշտին սովորել էր ԱՄՆ-ում։
Մահվանից ժամեր հետո ասել են ինքնասպան է եղել և վերջ, թույլ չեն տվել Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորել։ Անարգել են ընտանիքին, խորը հիասթափություն հայկական բանակից․ «թող իրենք ինքնասպան լինեն» կրկնում էր մայրը։ Անպատասխանատու պետություն, անպատասխանատու Պաշտպանության նախարարություն, անպատժելի զորամասի հրամանատար և լքված ընտանիք։ Այս ընտանիքների թիվը մեծ է Հայաստանում», – այսօր գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։