Նախագահի պաշտոնում վերընտրվելուց երկու ամիս չանցած՝ Էմանուել Մակրոնը կորցրեց վերահսկողությունը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում․ ցենտրիստի «Միասի՛ն» կոալիցիան չհավաքեց ձայների մեծամասնությունը։
Ընդհանուր 577 մանդատից Մակրոնի կոալիցիան ստացավ 245 մանդատ (մոտ 100-ով ավելի քիչ, քան նախորդ ընտրություններում)։ Ձախական «NUPES» կոալիցիան՝ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ, ստացավ 131 մանդատ՝ դառնալով ամենամեծ ընդդիմադիր ուժը։ Ծայրահեղ աջական «Ազգային միավորում»-ը՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ, ստացավ ռեկորդային՝ 89 մանդատ: Աջ-կենտրոնամետ Հանրապետական կուսակցությունը ստացավ 61 մանդատ։
Խորհրդարանական ընտրությունները հանգեցրել են աննախադեպ քաղաքական իրավիճակի Ֆրանսիայում։ Այժմ, խորհրդարանում օրենքներ ընդունելու համար Մակրոնի կողմնակիցները կա՛մ պետք է համաձայնության գան հանրապետականների հետ մշտական կոալիցիայի շուրջ, կա՛մ ամեն անգամ իրավիճակային դաշինքներ կնքեն այլ քաղաքական ուժերի հետ։
«Ապտակ Մակրոնին», «Քաղաքական երկրաշարժ», «Անկառավարելի Ֆրանսիա»․ ֆրանսիական մամուլը ընտրությունների մասին
Վերջին 5 տարիներին Մակրոնի կուսակցությունը զբաղեցնում էր Ազգային ժողովի մանդատների մոտավորապես 60%-ը, ինչը թույլ էր տալիս հեշտությամբ օրենքներ ընդունել՝ անտեսելով ձախական և աջական ընդդիմադիրների առարկությունները։
Այժմ նախագահի դաշինքը կրճատվել է մինչև մանդատների 40%-ը, ինչը նշանակում է, որ այն չի կարողանա որևէ օրենք ընդունել առանց նոր գործընկերներ ձեռք բերելու: Իսկ աջական Հանրապետական կուսակցության (նախագահի հետ դաշնակցելու պատրաստ ամենահավանական կուսակցությունը) առաջնորդը խոստացել է մնալ ընդդիմադիր դաշտում:
Չկա հստակ սցենար, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ֆրանսիայում: Վերջին դեպքը, որ նորընտիր նախագահին չի հաջողվել ստանալ բացարձակ մեծամասնություն խորհրդարանական ընտրություններում 1988 թվականին էր։ Մակրոնը, ի վերջո, կարող է արտահերթ ընտրություններ նշանակել, եթե առաջանա օրենսդրական փակուղի։
Ցենտրիստ Էմանուել Մակրոնի հիմնական առաջարկներն են նպաստների բարեփոխումը, հարկերի կրճատումը և կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացումը 62-ից 65-ի: Մակրոնն առաջարկում է նաև շարժվել դեպի ածխածնային չեզոքություն և լիարժեք զբաղվածություն (տնտեսության վիճակ, որում ներգրավված են բոլոր աշխատանքային ռեսուրսները): Նախագահի նոր առաջարկներից է կառավարման «նոր մեթոդի» ստեղծումը՝ քաղաքացիական հասարակության ավելի մեծ ներգրավվածությամբ։
Ձախական Ժան-Լյուկ Մելանշոնի դաշինքն առաջարկում է սառեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների գները, իջեցնել կենսաթոշակային տարիքը, սահմանափակումներ դնել ժառանգության վրա և արգելել ընկերություններին դիվիդենտներ վճարել՝ աշխատողներին աշխատանքից հեռացնելով: Մելենշոնը նաև կոչ է արել անհնազանդություն ցուցաբերել ԵՄ-ին։
Աջական Մարին Լը Պենը խոստացել է «վերականգնել Ֆրանսիայի ինքնիշխանությունը»՝ ստեղծելով հակամիգրացիոն, հակա-ԵՄ շարժում։ Նա առաջարկում է դադարեցնել ապաստանի իրավունքի չարաշահումը՝ սահմանափակելով ներգաղթը և արգելել հասարակական վայրերում հիջաբ կրելը։
Մակրոնի՝ եվրոգոտու երկրորդ խոշոր տնտեսությունը բարեփոխելու, կարողությունն այժմ կախված է ընդդիմադիր ուժերի՝ թե՛ ձախականների և թե՛ աջականների, աջակցությունից։