Կիրակի օրը Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն էր։ Ձայների 27,6%-ը հավաքած ցենտրիստ նախագահ Էմանուել Մակրոնի հիմնական մրցակիցներն էին ծայրահեղ աջ Մարին Լը Պենը (23,41%) և ձախ Ժան Լյուկ Մելանշոն (21,95%): Հայաստանը փրկել ցանկացող ֆաշիստ Էրիկ Զեմուրը հավաքեց 7%:
Ըստ Ֆրանսիայի օրենսդրության՝ երբ առաջին փուլում ոչ մի թեկնածու չի ստանում բացարձակ մեծամասնություն, անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները։ Երկրորդ փուլի ընտրությունները նախատեսված են ապրիլի 24-ին։
2017 թվականին Մակրոնը, լինելով Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահը, երկրորդ փուլում հեշտությամբ հաղթեց Մարին Լը Պենին՝ հավաքելով ձայների 66%-ը։ Այս տարվա առաջին փուլի արդյունքները նախանշում են, որ այս անգամ հաղթանակը հեշտ չի տրվելու Մակրոնին։
Լը Պենը, անցկացնելով նախընտրական քարոզարշավներ փոքր քաղաքների շուկաներում, փորձեց գրավել աշխատավոր ժողովրդին։ Չհրաժարվելով իր հակամիգրացիոն ու իսլամաֆոբ գաղափարներից՝ նա խոստացավ կրճատել վառելիքի հարկերը և ազատել քաղաքացիներին մինչև 30 տարեկանը եկամտահարկ վճարելուց։ Ակնհայտ է, որ Լը Պենի իմիջը մեղմացնող Էրիկ Զեմուրին ձայն տված ֆաշիստները, այժմ, քվեարկելու են նրա օգտին։
Մակրոնը իր միակ նախընտրական հանրահավաքը օգտագործեց՝ փորձելով իր կողմը շեղել ձախ ընտրողներին, ովքեր վաղուց է հիասթափված էին նրանից, և որոնց ձայնը ցենտրիստին շատ է պետք գալու ապրիլի 24-ին։ Այս դեպքում ակնհայտ չէ՝ քվեարկելու են ձախերը, թե՞ մնալու են ձեռնպահ։
Ֆրանսիայի ճակատագիրը
Ի՞նչ են առաջարկում Լը Պենն ու Մակրոնը Ֆրանսիային։
Սա Մարին Լը Պենի իշխանության գալու երրորդ փորձն է։ Խոստանալով «վերականգնել Ֆրանսիայի ինքնիշխանությունը»՝ նա ստեղծել է հակամիգրացիոն, հակա-ԵՄ շարժում։
Լը Պենը բազմիցս արտահայտել է իր հիացմունքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, իսկ 2017թ․-ի նախագահական արշավի համար գումար վերցրել ռուսական բանկերից։ Նա դատապարտել է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը, միաժամանակ խուսափելով պատժամիջոցներ կիրառելուց՝ Ֆրանսիայի տնտեսությանը վնաս չհասցնելու համար։
Լը Պենը խոստացել է դադարեցնել ապաստանի իրավունքի չարաշահումը՝ սահմանափակելով ներգաղթը և արգելել հասարակական վայրերում հիջաբ կրելը:
Ժան Մարի Լը Պենը՝ Ազգային ճակատ կուսակցության նախկին առաջնորդ, ռասիստ, հակասեմիտիստ, Մարին Լը Պենի հայրն է։ 2015 թվականին դուստրը դատապարտեց հոր մեկնաբանությունները և հեռացրեց նրան կուսակցությունից: Մարին Լը Պենի օրոք Ազգային ճակատը սկսեց հեռու մնալ նման խնդրահարույց հարցերից։
Ցենտրիստ, նախկին բանկիր, էկոնոմիկայի նախարար (Ֆրանսուա Օլանդի նախագահության տարիներին) և որպես «հարուստների նախագահ» բնութագրվող Էմանուել Մակրոնը այժմ կարծես Ֆրանսիայի միակ փրկությունն է ծայրահեղ աջությունից։
Մակրոնի նախագահ դառնալուց մեկ տարի անց ստեղծվեց «դեղին բաճկոնների» շարժումը, որը պահանջում էր տնտեսական արդարություն։ 2019-ի վերջին, ցույցերի մեկ այլ ալիք բարձրացավ ընդդեմ Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումների նախագծի, որով բարձրացվում էր թոշակի անցնելու տարիքը։
Մակրոնն իր կառավարման տարիներին (մասնակի) վերացրեց հարստության հարկը, թեթևացրեց կապիտալից ստացված եկամուտների և բոնուսների հարկը, բայց և միաժամանակ նվազեցրեց անհատական և սոցիալական կացարանային օժանդակությունը, սոցիալական այլ ծախսերը։ Մակրոնիստների ունիվերսալության մասին պատկերացումը խարսխված է շուկա հասկացության մեջ (գումարած բյուրոկրատիա)։ Այս ցենտրիստ իրողության մեջ աշխատավոր մարդիկ զրկված են ունիվերսալիզմից, քանի որ չեն կարող դա իրենց թույլ տալ ֆինանսապես։
Ի՞նչ ակնկալել
Մարին Լը Պենը կարող է հույսը դնել ֆաշիստ Զեմուրի և ազգայնական Նիկոլյա Դյուպոն-Էնյանի կողմնակիցների վրա: Մոտավոր հաշվարկներով ձայների 33%-ն ապահովված է: Մյուս կողմից, նրան կարող են ձայն տալ հակամակրոնիստները։
Մակրոնի թիմը ծրագրում է մի շարք մեծ հանրահավաքներ և հեռուստատեսային ելույթներ ունենալ։ Ձախ թեկնածուների մեծ մասն արդեն սատարել է նրան։ Պեկրեսն (4,8%) ու Փարիզի քաղաքապետ, սոցիալիստ Իդալգոն (1,8%), ընդունելով պարտությունը, ընտրատեղամասերի փակվելուց րոպեներ անց հայտարարեցին, որ քվեարկելու են Մակրոնի օգտին, որպեսզի Լը Պենին հետ պահեն իշխանությունից:
Ըստ սոցիոլոգ Ֆրանսուա Դաբիի անցկացրած հարցումների՝ Մակրոնը հավաքելու է ձայների 51%-ը, իսկ Լը Պենը՝ 49%-ը։