Home / Մարզեր / Գործադուլը սպառնում է կաթվածահար անել Ֆրանսիան

Գործադուլը սպառնում է կաթվածահար անել Ֆրանսիան

Ֆրանսիայում միլիոնավոր աշխատողներ գործադուլ են սկսել ի նշան կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի։ Գործադուլին միացել են դպրոցների, տրանսպորտային ընկերությունների, ոստիկանության, օդանավակայանների աշխատակիցները, իրավաբանները և այլն։

Գործադուլը համաձայնեցվել է արհմիությունների հետ, ովքեր ևս դեմ են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի  առաջարկած միավորների սկզբունքով կենսաթոշակային համակարգին։

Գործադուլն անժամկետ է, որոշ առևտրական միավորումների ղեկավարներ պնդում են, որ չեն վերադառնալու աշխատանքի մինչև Մակրոնը չչեղարկի նախագիծը։

TGV արագընթաց գնացքային երթուղիների միայն 10 տոկոսն է գործում, Մետրոյի 16 գծերից աշխատում են 5-ը։ Air France֊ը չեղարկել է թռիչքների 30 տոկոսը, EasyJet֊ը՝ ավելի քան 200 շվերթ։

Հարցումների համաձայն գործադուլավորները վայելում են բնակչության 69 տոկոսի համակրանքը՝ մեծամասամբ 18-34 տարեկանների շրջանում։

Կենսաթոշակային բարեփոխումների մասին

Ֆրանսիայում կենսաթոշակային համակարգն աշխատում էր մի քանի տարբեր սխեմաներով։ Նախագահ Մակրոնը, սակայն, առաջարկում է ընդհանրական համակարգ ստեղծել։ Նախագծի համաձայն, աշխատողն ամեն աշխատանքային օրից միավոր է ստանում, որը հետագայում փոխակերպվում է թոշակային առավելության։ Կենսաթոշակային տարիքը վերջին տասնամյակում 60-ից դարձել է 62՝ մնալով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների ցանկում ամենաերիտասարդներից։

Միավորների վրա հիմնված կենսաթոշակային համակարգում վերանում են որոշ մասնագիտություններին (սկսած նավաստիներից ու իրավաբաններից, մինչև օպերայի աշխատողներ) տրվող լրացուցիչ վճարները: Մինչև 64 տարեկան թոշակի անցնելու դեպքում գումարի չափը կրճատվում է։ Օրինակ, 63-ում թոշակի անցնելու դեպքում 5 տոկոսով ավելի քիչ թոշակ ես ստանում, քան 64-ի դեպքում։ Արհմիությունները մտավախություն ունեն, որ այս նախագծով մարդիկ ստիպված կլինեն ավելի երկար աշխատել՝ ավելի ցածր կeնսաթոշակի համար։

Մակրոնի առաջարկած նախագծի կողմնակիցները պնդում են, որ Ֆրանսիայի ծերացող բնակչության պայմաններում, ընդհանրական համակարգն ավելի արդար է թվում։