Աղբյուրը՝ «ԱշխՕր»* քննախոսական հարթակ
Դեկտեմբերի 5-ից Ֆրանսիայում համապետական գործադուլ է, որ գերազանցում է 1995 թ. մինչ օրս այդ երկրում եղած գործադուլների տևողությունը: Ֆրանսիացի աշխատավորները պայքարում են նախագահ Մակրոնի կաբինետի կողմից առաջարկվող կենսաթոշակային «բարեփոխումների» դեմ:
Ֆրանսիան համարվում է աշխարհում կենսաթոշակային մեծ հատկացումներ ունեցող պետություններից մեկը. կենսաթոշակային ֆոնդը Ֆրանսիայում ՀՆԱ-ի 14%-ն է, ֆրանսիացիները թոշակի են գնում 62 տարեկանից, և միջին կենսաթոշակը կազմում է ամսական €1,496: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է կենսաթոշակի տարիքը հասցնել 64-ի և կիրառել համահարթ մոտեցում՝ վերացնելով 42 հատուկ մասնագիտության (այդ թվում՝ ուսուցիչներ, բալետի պարողներ, նոտարական աշխատողներ և այլք) ունեցած վաղաժամ կենսաթոշակի արտոնությունը: Նախագիծը հարուցել է ֆրանսիացի աշխատավորական ուժերի բուռն դիմադրությունը, որն ի զորու չեն մեղմել անգամ տոները:
Աշխատողների համերաշխության միջոցառումները և գործադուլը կաթվածահար են արել երկաթուղին, մետրոն, ավտոբուսային տրանսպորտը: Չդադարող գործադուլը անշեղորեն վնասում է տնտեսությունը, հատկապես մեծ կորուստներ են կրել տուրիստական, սպառողական ծառայություններ մատուցող բիզնեսները: Ի աջակցություն գործադուլավորների՝ տեղի են ունենում նաև էլեկտրաէներգիայի անջատումներ: Կոմունալ ոլորտի աշխատողները ոչ միայն հոսանքից զրկել են խոշոր բիզնես կառույցները, այլև մարել են Էյֆելյան աշտարակի լույսերը: Աշխատավորական շարժմանը իրենց համերաշխությունն են հայտնել նաև Փարիզի օպերայի արտիստները՝ տոնական ներկայացումները բեմից դուրս բերելով փողոց:
տեսանյութը՝ The Wall Street Journal լրատվական կայքից (05.12.2019)
Ցուցարարների թիվը, ըստ կառավարամերձ աղբյուրների, հասնում է 800 հազարի, արհմիությունները նշում են, որ կենսաթոշակային ռեֆորմները փողոց են դուրս բերել արդեն 1,5 միլիոն քաղաքացու:
Ինչքան էլ Մակրոնը փորձում է չնահանջել, կառավարության անդամներն արդեն սկսել են հանդիպումները արհմիությունների ներկայացուցիչների հետ:
* ԱշխՕրը medium.com-ում գործող քննախոսական հարթակ է, որը հարցադրում է Հայաստանում աշխատանքի խնդիրը՝ ըմբռնելու, քննադատելու աշխատանքային մշակույթի տեղական համատեքստը, և լուսաբանում միջազգային աշխատանքային և արհմիութենական շարժումները։