Փաստորեն, իրոք, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը հավակնում է միանալ Ցեղասպանության ճանաչման էպոպեային: Նախ՝ սենատը կառավարությանն ու նախագահին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հավանականությունը, որ նրանք կճանաչեն ԼՂ-ն, զրոյական է՝ հաշվի առնելով հարցի էությունը: Բայց ղարաբաղյան հարցը հիմա էլ պառլամենտից պառլամենտ, ստորին պալատից վերին պալատ, վերին պալատից ստորին պալատ վերուվար կանի՝ դառնալով գործիք սրա-նրա ձեռքին իրենց արտաքին քաղաքական շահերն ու բենեֆիտները կորզելու Թուրքիայից, Ադրբեջանից և Ռուսաստանից՝ ըստ անհրաժեշտության: Իսկ հայ ժողովուրդը որբի գլուխ է. ով վրա է հասնում, մազերն է խուզում, քանի որ ունի ապիկար իշխանություններ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում:
Հայաստանն ու Ղարաբաղի հայությունը վերապրել են ահավոր աղետ: Հազարավոր զոհվածներ, անհետ կորածներ ու վիրավորներ կան: Մարդիկ պետական կառույցների ու դեսպանատների դռներն ընկած դիակ են ման գալիս, չեն գտնում: Եւ, ահա, Ֆրանսիայի սենատը բանաձև ընդունեց Ղարաբաղի անկախության մասին. օհ, երջանկություն, քեզ վաղուց էր սպասում հայ տկարամիտ քաղքենին՝ Արևելքի տարաբախտ և խորթ ֆրանսիացին:
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հետ է վերադառնում: Դեռևս պարզ չէ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայ բնակչության պարագան: Մարդիկ դեռ նոր են լքում այդ տարածքները, խոսք կա նրանց վերադարձի մասին: Ադրբեջանական զորքի ու ռուս խաղաղապահների անմիջական մոտիկությամբ ապրում են խաղաղ հայ բնակիչներ: Սկսվում են ապաշրջափակման, ապառազմականացման գործընթացներ: Ադրբեջանը արդեն երկու երկաթգծի, ավտոճանապարհների շինարարություն է նախատեսում: Բայց այս հարցերը չեն մտահոգում հայ իշխանավորին: Նա ի զորու չէ ռեֆլեքսիա անել կատարվածը, վերամտածել կործանարար քաղաքականության հետևանքները, այլ նոր դատի գործիք է սարքում սեփական ժողովրդին: Փոխանակ անմիջական հարևանների հետ իր խնդիրները բանակցելու և կոնսենսուսի գալու, դռնեդուռ ընկած մուրում են ճանաչում և սատարում, բայց իրականում կհասնեն «Ղարաբաղն առանց հայերի» դոկտրինի իրագործմանը: Եթե հիմիկվանից էլ պարզ է, որ ներկա աշխարհակարգի պայմաններում աշխարհը չի ճանաչելու Ղարաբաղի հայկական պետության անկախությունը, ինչո՞ւ գնալ նոր արկածախնդրության ճանապարհով:
Ի դեպ, Ֆրանսիայի մասին: Ֆրանսիայի աչքերը չեն ուռել հայերի համար, նա լարված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ Միջերկրական ավազանում տիրող վիճակի հետ, տառապած խեղճ ժողովուրդը, որ անտեր է մնացել, հարմար խաղաքարտ է նրա ձեռքին պտտելու համար:
Պետք չի մոռանալ, թե ինչ սարքեց ֆրանսիական կառավարությունը ցեղասպանության հարցը՝ ռեպերսիվ միջոց ընդդեմ թուրքերի, արաբների և այլ կապիտալիստական հարստահող, ճնշող նախագծեր առաջ տանելու համար: Նույն Ֆրանսիան՝ ի դեմս Ժակ Շիրակի դարձավ քոչարյանա-սերժական կլանի և տխրահռչակ ոչմիթիզական քաղաքականության հովանավորներից մեկը: Համենայն դեպս, 1997 թվին, երբ կար ռեալ շանս լուծելու Ղարաբաղյան կոնֆլիկտը և Տեր-Պետրոսյանին մեղադրում էին պարտվողականության և դավաճանության մեջ, վարչապետ Քոչարյանը հայտնվեց Փարիզում և շատ երկար առանձնազրույց ունեցավ Շիրակի հետ՝ արժանանալով համարյա նախագահական պատվի: Այս հանդիպումը վճռորոշ նշանակություն ունեցավ Քոչարյանի իշխանության գալու հարցում: Դեռևս Փարիզում նա հայտարարեց, որ չի ընդունում հարցի լուծման փուլային տարբերակը, արդեն Հայաստանում անցավ բացահայտ ընդդիմադիր դիրքի, թեև մինչ այդ հարցը վստահում էր ժամանակի նախագահին և ԱԳ կորպուսին:
Քոչարյանը Ղարաբաղի անկախուլյան ճանաչումը համարեց ճկունության հարց. ճկունություն, որ փորձում է դրսևորել նրա գաղափարական հետնորդ Նիկոլ Փաշինյանը:
Գայանե Այվազյան
աղբյուրը՝ ֆեյսբուքի էջ