Խորհրդարանն այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից և դադարեցրեց նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի լիազորությունները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
107 պատգամավորներից քվեարկություններին մասնակցել են 66-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու՝ կողմ 66, դեմ 0, Վահե Հակոբյանին պաշտոնից ազատելու՝ կողմ 66, դեմ 0։
Ընդդիմությունը ԱԺ աշխատանքները, հիշեցնե՛նք, մայիսի մեկից ի վեր բոյկոտում է։ Սաղաթելյանն ու Հակոբյանը նիստին ներկա չէին։
ԱԺ փոխնախագահ հետ կանչելու որոշումը պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հիմնավորել է հետևյալ կերպ․ 2021 թվականի օգոստոսից առ այսօր գումարվել է թվով 25 նիստ, Սաղաթելյանը դրանցից միայն 7-ին է ներկա եղել, բացակայել է նաև Ազգային ժողովի խորհրդի 18 նիստերից։ Հաճախակի բացակայությունների պատճառով խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահը, ըստ նրա, չի կատարել իր անմիջական պարտականությունները։
Վահե Հակոբյանն էլ բացակայել է ԱԺ 8-րդ գումարման առաջին կիսամյակի 342 քվեարկություններից 194-ից և ԱԺ խորհրդի 25 նիստերից 20-ից։ Խորհրդարանն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը․ հանձնաժողովի 27 նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին նախագահը չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ, նիստերի օրակարգերն ու արձանագրությունները չի ստորագրել, ինչպես նաև չի ստորագրել դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերը և մի շարք այլ փաստաթղթեր։
թարմացում․ — 14։48 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացնում ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Մինչ այդ ԱԺ փոխնախագահի պաշտոնից հեռացված Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից:
թարմացում – 16։30 Հանձնաժողովի նախագահի տեղակալի իրենց պաշտոններից հրաժարվել են նաև «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան»-ի պատգամավորներ Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը։