Home / Բանակ / Ալիևին զայրացնում են Ղարաբաղի հայերի կարգավիճակի մասին հայտարարությունները

Ալիևին զայրացնում են Ղարաբաղի հայերի կարգավիճակի մասին հայտարարությունները

«Եթե ​​Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ է պահանջելու, ինչու՞ ադրբեջանցիները չպետք է կարգավիճակ պահանջեն Արևմտյան Զանգեզուրի ադրբեջանցիների համար։ Ի վերջո, այս տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման արարողությանը։

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ

Ալիևը հիշեցրել է, որ 1920 թվականի նոյեմբերին՝ Ադրբեջանի խորհրդայնացումից 6 ամիս անց, խորհրդային կառավարությունը վերցրեց հանրապետության պատմական մասը՝ Զանգեզուրը, և միացրեց Հայաստանին։

«Ցավոք, մենք լսում ենք Հայաստանի կառավարության հայտարարությունները, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչը բացարձակապես հակաարդյունավետ է և վտանգավոր, այդ թվում՝ հենց Հայաստանի համար: Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմությունը վերաշարադրելու փորձերը։ Պատմությունն արդեն գրված է», ֊ հավելել է Ալիևը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ֊ում հայտարարել էր․ «Այս իրավիճակում կարգավիճակը նպատակ չէ, այլ միջոց։ Այն պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, ազատություններն ու անվտանգությունը։ Սա շատ հասկանալի վերաբերմունք է միջազգային հանրության համար։ Բայց կա նաեւ մի շատ կարեւոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որն իսկապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները, պետք է մեզ համար իրական լուծում համարվի»։

Ալիևը հորդորել է Հայաստանի կառավարությանը «չմոռանալ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը» և հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։

Մինսկի խումբ

Իլհամ Ալիևը նաև բողոքել է Մինսկի խմբից․ «Հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խումբն իր գործունեության 28 տարիների ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել այս առաքելության իրականացման գործում։ Եվ այժմ, երբ Ադրբեջանն ինքը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, նրա (Մինսկի խմբի) գործունեության անհրաժեշտությունն արդեն վերացել է»։ 

«Մենք արդեն հաղորդագրություններ ենք ստացել, որ Մինսկի խմբի ինստիտուտն այլևս չի գործելու»,- ասել է նախագահը։ «Ուստի, Հայաստանում կամ որևէ այլ երկրում Մինսկի խմբի մասին ցանկացած շահարկում անիմաստ է։ Հակամարտությունը լուծելու համար Մինսկի խմբի մշակած «մադրիդյան սկզբունքները» Ադրբեջանն իրագործել է ինքնուրույն»։ 

Զանգեզուրի միջանցք

Ալիևը նաև մեղադրել է Հայաստանին «Զանգեզուրի միջանցքի բացմանը» խոչընդոտելու և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ (Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների) հայտարարությունը խախտելու մեջ։ 

Հայաստանը շարունակում է օգտագործել Լաչինի միջանցքը, մինչդեռ Ադրբեջանը չի կարող օգտագործել Զանգեզուրի միջանցքը Նախիջևանի հետ տրանսպորտային կապերի համար։ 

«Զանգեզուրի միջանցքի բացման մասին շուտափույթ որոշումը տարածաշրջանում ապագա խաղաղության հիմնարար տարրերից մեկն է։ Եթե մեզ թույլ չտան այդ մուտք-ելքը, ապա խաղաղության մասին խոսելը շատ դժվար կլինի, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ գոյակցությանը, նորմալ հարևանությանը, զուր կլինեն։ Սա ևս մեկ կարևոր հարց է, և Ադրբեջանն իրավունք ունի պահանջել դա։ Հայաստանի կառավարությունը համապատասխան հայտարարություն է ստորագրել։ Երկրորդը՝ Ադրբեջանը, որպես պատերազմում հաղթած և բռնազավթումից տուժած երկիր, բարոյական իրավունք ունի պահանջելու», ֊ ասել է Ադրբեջանի նախագահը։

Խաղաղության պայմանագիր

Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ և հանդես է եկել 5 սկզբունքներով, որոնք պետք է հիմք հանդիսանան հարաբերությունների կարգավորման համար։ 

Գոհունակություն հայտնելով, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնարար սկզբունքները, Ալիևը նշել է կարգավորման համար «այժմ՝ այս ուղղությամբ գործնական քայլերի» անհրաժեշտությունը։ 

«Ադրբեջանն իր կողմից արդեն ստեղծել է խաղաղության պայմանագրի հանձնաժողով, և մենք ակնկալում ենք, որ նույն քայլը կարվի Հայաստանի կողմից։ Եթե այն արվի, կամ հենց այն արվի, բանակցությունները կսկսվեն»,- ասել է Ալիևը։

Ալիևը նաև հիշեցրել է, որ Հայաստանը պետք է կատարի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը, այդ թվում՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը։