Home / Հայաստան / Սրանում էր տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման համադրման տրամաբանությունը

Սրանում էր տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման համադրման տրամաբանությունը

Մեր ժառանգած բանակցային տրամաբանության համաձայն, առանց Ադրբեջանի համաձայնության Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալ չէր կարող՝ Ազգային ժողովի իր այսօրվա ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջնորդած ընդդիմության այսօրվա պնդումները նա կատարյալ սուտ է որակել․ «Բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Սերժ Սարգսյանը, այդպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և/կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով», – հայտարարել է պաշտոնյան։

Որպես օրինակ Փաշինյանը հիշատակել է Քոչարյանի և Սարգսյանի օրոք բանակցված «Ընդհանուր պետության» առաջարկը, «Տարածքների փոխանակման» փաթեթը և Մադրիդյան սկզբունքները։

Ըստ 1998-ի «Ընդհանուր պետության» առաջարկի, Լեռնային Ղարաբաղը, որպես «հանրապետական ձևի պետական և տարածքային կազմավորում», մնալու էր Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝, ղարաբաղցիներն էլ ստանալու էին Ադրբեջանի անձնագրեր՝ Լեռնային Ղարաբաղ հատուկ նշումով. «Տարօրինակ է, թե ինչու համանախագահության այս առաջարկին [Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Դաշնակցությունը] չեն արձագանքել, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

Մադրիդյան սկզբունքներով էլ, ըստ Փաշինյանի, բացառվել է Ղարաբաղի Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն․ «Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ երկիրն էր ղեկավարում, Սերժ Սարգսյանը վարչապետ էր, Դաշնակցությունն էլ կառավարության մաս էր ու իշխող թիմի անդամ ու հենարան»։

Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելով՝ Երևանը, ըստ նրա, համաձայնել է Արցախի կարգավիճակը որոշել հանրաքվեով՝ չեղյալ ճանաչելով 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները և չհասնելով ապագա հանրաքվեի վերաբերյալ որևէ հստակության։

***

Բանակցային ժառանգությունը, ըստ վարչապետի, ենթադրում էր, որ առանց Ադրբեջանի համաձայնության Լեռնային Ղարաբաղը չէր կարող ստանալ որևէ կարգավիճակ, այդ թվում՝ միջանկյալ․ հանրաքվե անելու համար Ղարաբաղը պիտի ստանար Ադրբեջանի թույլտվությունը։

«Սրանում էր տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների համադրման տրամաբանությունը։ Եթե ուզում ես ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացմամբ անկախություն ստանալ տարածքային ամբողջականության սկզբունքը չխախտելով, ինչը դրված է Մադրիդյան սկզբունքների հիմքում, դրա միակ ճանապարհն այն է, որ տարածքային ամբողջականության սուբյեկտը համաձայնի քո անկախության հետ։ Սա է եղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դիրքորոշումը», – ասել է Փաշինյանը։

Փաշինյանը կրկնել է հանրաքվեի մասին նախկինում հնչեցրած իր «բացահայտումները»․ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ, ըստ նրա, թեև շոշափվել է ԼՂ ապագա կարգավիճակը ժողովրդի կամարտահայտմամբ որոշելու հնարավորությունը, չի հստակեցվել՝ կոնկրետ որտեղ (Լեռնային Ղարաբաղո՞ւմ, թե՞ Ադրբեջանում) է լինելու հանրաքվեն. «Ասվում է, որ ԼՂ ամբողջ բնակչությունը մասնակցելու է հանրաքվեին։ Ավելի կոնկրետ ասվում է՝ «համաժողովրդական հանրաքվե, որին մասնակցելու է ԼՂ ամբողջ բնակչությունը»։ Այսինքն՝ ԼՂ ամբողջ բնակչությունը նույն ինքը համաժողովրդականը չէ»:

Բանակցային այս ժառանգությունն է, ըստ վարչապետի, պատերազմի հիմքեր ու պատերազմական կոնտեքստ ստեղծել՝ պատերազմի պատճառ դարձել․

«Եթե մենք ենք պատերազմի պատճառը, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից հայտարարում․ «․․․Այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը»։ Եթե մենք ենք բանակցությունները փակուղի մտցրել, ինչո՞ւ էր այդ նույն Սերժ Սարգսյանը նույն օրը նույն ամբիոնից հայտարարում․ «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած՝ այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է։ Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար», – եզրակացրել է պաշտոնյան։

2018 թվականի հեղափոխության խորքային պատճառներից էր, որ մարդիկ հասկացան՝ խաբված են նաև Արցախի հարցում. «Մարդիկ հասկացան, որ իրենց զոհողությունները ոչ թե պետություն և բանակ են դարձել, այլ եվրոպական ու ամերիկյան անշարժ գույք, օֆշորներում ծվարած արտարժութային հաշիվներ: Ու չնայած մեզ վրա ենք վերցրել պարտության պատասխանատվությունը, արդարամիտ հայ ժողովուրդը, եթե ոչ տեղեկատվությամբ, առնվազն զգացողությամբ հասկացել է, որ այդ պարտությունը մեկ կամ երկու տարում չի ծնվել, այլ 25 երկար ու ձիգ տարիների ընթացքում», – ասել է վարչապետը։

***

Ղարաբաղի հարցի կարգավորման հիմքում այսուհետ պետք է դրվեն արցախահայերի անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը։

«Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա: Սա թե՛ ներսում, թե՛ դրսում հայհոյանքներով, մեղադրանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար, և մենք ունենք կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու։ Բայց մեկ բան հաստատ կարող եմ երաշխավորել, որ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ ևՀայաստանի կործանման, և մենք, իհարկե, սա թույլ տալ չենք կարող», – եզրափակեց պաշտոնյան։