Home / Բանակ / Արցախը Մինսկի խումբն է ուզում Եվրամիության փոխարեն

Արցախը Մինսկի խումբն է ուզում Եվրամիության փոխարեն

«Հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ դերակատարությունը՝ մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է դառնա Եվրամիության համար բանակցությունների առարկա». Риа Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Բեգլարյանն ընդգծել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն այն չպետք է դառնա «Ռուսաստանի և Արևմուտքի ներկայիս բարդ հարաբերությունների մաս»։ Խնդիրը լուծելու համար արդեն կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ճանաչված ձևաչափ, որոնք պատասխանատու են հակամարտության կարգավորման համար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հրաժարվել են աշխատել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Ռուսաստանի արտգործնախարարը իր հերթին հայտարարել էր, թե այլևս չի պատկերացնում՝ ինչ ապագա կարող է ունենալ Մինսկի խմբի համանախագահող եռյակը։ Պաշտոնական Երևանը վերջին անգամ Մինսկի խմբին է դիմել մարտի 14-ին՝ խնդրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպել։ Մինսկի խմբից արձագանք մինչև օրս չի եղել:

Հայաստանի արտգոծնախարար Արարատ Միրզոյանը ապրիլին Մոսկվայում՝ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում չի կիսել Լավրովի կարծիքը․ «․․․Այնուամենայնիվ,ինձ որոշակի այլ լուրեր են հասնում՝ հաշվի առնելով այն շատ կոնկրետ ազդանշաններն ու տեղեկությունները, որոնք ես ստացել եմ համանախագահներից և բազմաթիվ այլ երկրներից։ ․․․Միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում, ինչը պետք է նշեմ, որ շատ հուսադրող է»։

Պետնախարար Բեգլարյանը մոսկովյան լրատվամիջոցի հետ զրույցում կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղապահների ներկայությունը․ «Կարծում ենք՝ որ խաղաղապահ առաքելությունը պետք է այստեղ մնա անժամկետ, քանի որ հակամարտությունը կարգավորված չէ․․․ Ռուսական զորամիավորման քանակն անհրաժեշտ է մեծացնել, ինչպես նաև ընդլայնել նրա լիազորությունները»։ 

Եվրամիության միջնորդությամբ կազմակերպած եռակողմ հանդիպումները քննադատում է նաև Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած բանակցույթուններից հետո ԵՄ նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջ շեշտել է, որ անհրաժեշտ է անդրադառնալ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը»: 

Արայիկ Հարությունյանը «խիստ անընդունելի» էր համարել այս ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Նույն հարցազրույցում պետնախարար Արտակ Բեգլարյանը ասում է, որ «մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: Արցախի անկախության միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել նաև հանրապետության՝ Հայաստանի կազմ մտնելու հարցը»։ 

Միևնույն ժամանակ ընթանում են հայ-ադրբեջանական բանակցությունները՝ գերիների վերադարձի, խաղաղության օրակարգի, տրանսպորտային կապերի և սահմանազատման հարցերի շուրջ։ 

Կողմերը, չնայած մի շարք տարաձայնությունների, Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումներից հետո հասել են որոշակի արդյունքների․ առաջնորդները համաձայնել են ապաշրջափակել տրանսպորտային կապերը, պայմանավորվել են զարգացնել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները (ԱԳ նախարարների գլխավորած թիմերը զբաղվելու են այս գործընթացով), հայ-ադրբեջանական միջպետական սահմանին տեղի է ունենալու սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը (այն անդրադառնալու է սահմանազատման հարցերին), 1 գերի է վերադարձվել բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։