Home / Բանակ / Կարգավիճակ, անվտանգություն, ապաշրջափակում․ Երևանն ու Բրյուսելը ընդդեմ Բաքվի

Կարգավիճակ, անվտանգություն, ապաշրջափակում․ Երևանն ու Բրյուսելը ընդդեմ Բաքվի

Երևանի և Բաքվի մոտեցումներում կան տարաձայնություններ, նաև այդ պատճառով է, որ բանակցություններ են տեղի ունենում՝ այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Լեռնային Ղարաբաղ․ կարգավիճակ

Մայիսի 27-ին  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։

Արդեն հաջորդ օրը Հայաստանի արտգործնախարարությունը նրան կոչ էր արել  չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները» և ընդգծել․ «Բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը»։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ պատասխանել էր Ալիևի պնդումներին, թե «Լեռնային Ղարաբաղ», «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» և «ԵԱՀԿ Մինսկի խումբ» այլևս գոյություն չունի․ «Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահը ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը որպես համանախագահողներ»։

«Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը: Համոզված ենք, որ կարգավիճակը հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու։ Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, համոզված ենք, որ արդյունքներ ենք ունենալու», – արդեն այսօր վերահաստատել է Հայաստանի ԱԽ քարտուղարը։

Ապաշրջափակում առանց «միջանցքի» 

Մայիսի 27-ի նույն ելույթի ժամանակ Ալիևը հայտարարել էր նաև, թե Բաքուն հաջողության է հասել «Զանգեզուրյան միջանցքի» բացման հարցում․ «Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց տեսեք բրյուսելյան հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարությունը. արդեն սահմանվել է, որ և՛ երկաթուղին, և՛ ավտոմայրուղին անցնում են Մեղրիով և Զանգեզուրով»:

Արմեն Գրիգորյանը այսօր կրկին հերքել է այս պնդումը։

«Բրյուսելից արդեն պարզաբանել են, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել: Սրա մասին նաև Մոսկվայի մեր գործընկերներն են ժամանակին հայտարարել: Հենց նոյեմբերին փոխվարչապետ Օվերչուկի կողմից հայտարարություն է եղել, որտեղ նա նշել է, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկվում: Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում։ Մենք կարող ենք հստակ ասել, որ ինչ բանակցում ենք, այն էլ հրապարակային կոմունիկացնում ենք», – ասել է ԱԽ քարտուղարը։

Մայիսի 31-ի գիշերը պարզաբանմամբ էր հանդես եկել նաև Եվրախորհրդի նախագահի խոսնակը, ըստ որի՝ Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած եռակողմ  հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, «բոլոր կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ արտատարածքային պահանջներ չկան»։

«Հակառակի վերաբերյալ շահարկումները ափսոսանք են հարուցում», – Շառլ Միշելի անունից ընդգծել էր նրա խոսնակ Բարենդ Լեյցը։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարը շեշտել էր․ «Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին են: Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների, ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով՝ Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա»:

Սահման

Սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա՝ այսօրվա ճեպազրույցին հայտարարել է Գրիգորյանը։

«Դա է եղել նաև պատճառը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի: Սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում: Մենք կքննարկենք, և, հուսով ենք՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն», – ասել է պաշտոնյան:

Մայիսի 28-ին՝ անկախության օրը, ադրբեջանական ստորաբաժանումների կրակից Սյունիքում հայաստանցի զինվոր էր զոհվել։ Միջադեպը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ Հայաստան-Նախիջևան սահմանին։ Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների այս հանդիպումը կողմերը կառուցողական էին որակել։