Home / Բանակ / «Ռուսական» գոտում Ղարաբաղի զինծառայողների սպանությունները Բաքուն «օպերացիա» է կոչում

«Ռուսական» գոտում Ղարաբաղի զինծառայողների սպանությունները Բաքուն «օպերացիա» է կոչում

Արցախում այսօր առավոտվանից սկսված բախումների հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ։ Վիրավորների թիվը հասել է 19-ի։ Ղարաբաղում մասնակի զորահավաք է հայտարարվել։ 

Օգոստոսի 1-ից սկսած իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում լարված է։ Նախօրեին Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով պահանջ է ներկայացրել՝ Ղարաբաղ-Հայաստան երթևեկությունը կազմակերպել նոր (Լաչինը շրջանցող) երթուղով։ Երևանն այն ոչ լեգիտիմ է որակել։

Արդեն այսօր Ադրբեջանը սկսել է այսպես կոչված «Հատուցում» օպերացիան՝ ռազմական ագրեսիան ներկայացնելով որպես պատասխան ադրբեջանցի զինծառայողի մահվան համար։ ՊԲ դիրքերի նկատմամբ, ըստ Ստեփանակերտի, նռնականետներ և ԱԹՍ-ներ են կիրառվել։ Ավիացիոն հարվածի մասին տեղեկությունները հաստատել է նաև Ադրբեջանը՝ հայտարարելով մի շարք բարձունքների գրավման մասին։

Հայաստանի արտգործնախարարության, Ղարաբաղի օմբուդսմենի, Ռուսական խաղապահ կոնտինգենտի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները՝ ստորև․

Երևան

Հայաստանի արտգործնախարարությունը անթույլատրելի է որակել «ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը», և վերահաստատել՝ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։

«Ինչպես հստակ սահմանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության) համաձայնեցմամբ առաջիկա 3 տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար», – հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։

Մինչ օրս հաստատված նման պլան չկա, ընդգծել է Հայաստանի արտաքին գերատեսչությունը։ Եռակողմ հայտարարության բոլոր կողմերին Երևանը կոչ է արել «հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի պահպանմանը»։

Մոսկվա

Ռուսական խաղապահ կոնտինգենտը հաստատել է՝ զորախմբի պատասխանատվության գոտում «իրավիճակի սրացում կա»։ 

«Սարիբաբա բարձունքի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար», – ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները «երկու երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի և Մարտունու շրջաններում»։ «27 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»։

Ստեփանակերտ

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտել է «Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը»՝ այն որակելով «որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում խաղաղության ու կայունության խախտման, խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ»։

Արցախի օմբուդսմենը շեշտել է՝ ռուսական խաղաղապահների չհաստակեցված մանդատի և խիստ սահմանափակ թվակազմի պատճառով հարաբերական խաղաղությունը պարբերաբար վտանգվում է։

Նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հայտարարել է, թե ժամը 20։30-ի դրությամբ «որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»:

Բաքու

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ այսօր իրականացված «Հատուցում» օպերացիայի ընթացքում Ղարաբաղում մի շարք բարձրունքներ է գրավել։

«Վերահսկողություն է սահմանվել [Քելբաջարի և Լաչինի շրջաններն ընդգրկող լեռնաշղթայի վրա գտնվող] Գըրըղգըզ բարձրունքի, ինչպես նաև Ղարաբաղի լեռնաշղթայում գտնվող Սարիբաբա և մի շարք այլ բարձրունքների նկատմամբ», – ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ադրբեջանը հաստատել է՝ ավիացիոն հարված է հասցրել Աղդերեի (Մարտակերտի) շրջանում գտնվող զորամասերից մեկին։ Ռազմական հարձակումը Բաքուն արդարացրել է հետևյալ տեքստով․ «․․․Ադրբեջանի տարածքներից, որտեղ ժամանակավոր տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները, ․․․հայկական զորքերի ամբողջական դուրսբերումը և անօրինական հայկական զինված կազմավորումների զինաթափումը բացարձակ անհրաժեշտություն են»։

Եվրամիություն

Եվրոպական Միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել «Լաչինի միջանցի շուրջ և շփման գծի այլ հատվածներում ադրբեջանական և հայկական ուժերի միջև բռնկված ռամական գործողությունները», որոնք «ցավոք, արդեն հանգեցրել են մարդկային զոհերի և վիրավորումների»։

«Կարևոր է դեէսկալացնել իրավիճակը, ամբողջությամբ հետևել հրադադարի ռեժիմին և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ իրավիճակի կարգավորմանն ուղղված լուծումներ փնտրելու համար», – ասված է ԵՄ արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ: