Արցախի վրա հարձակմանը զուգահեռ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով մի շարք պահանջներ է ներկայացրել։ Երևանը դրանք որակել է որպես եռակողմ պայմանավորվածությունները վերացնելու փորձ։
Էսկալացիայի պատճառներին Կառավարության այսօրվա նիստին անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
Խաղաղապահության բովանդակությունը
— 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։ Շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։
Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Եվ անհրաժեշտ է եղել ի սկզբանե․․․ Այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը դա արել է հենց 2020թ․ նոյեմբերին։ Եվ մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով։
Բացի այդ, գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր։ Մանսավորապես, 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետում հստակ նշված է, որ ԼՂ-ում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Հենց այս տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Եվ մենք ակնկալում ենք, որ շփման գծի ցանկացած հատման փորձ կասեցվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն։
Վերադառնալով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային, պիտի կրկնեմ, որ մեր կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար։ Իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։
Կա գիծ՝ կա ԼՂ
Որքան էլ քննադատվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված։
Նախ՝ Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարություններն, ի դեպ, եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են։
Երկրորդը՝ արձանագրվել է, ինչպես ասացի, որ գոյություն ունի շփման գիծ։ Երրորդը՝ Լաչինի միջանցք, որը ապահովում է ԼՂ կապը Հայաստանի հետ։
Ըստ էության, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը։ Եվ մենք ակնկալում ենք, որ, ինչպես և նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները։
Ադրբեջանը այսօր անընդհատ խոսում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով։
Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ պաշտպանության բանակը, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։
Նման անհրաժեշտություն է առաջացել, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործությունների դադարեցման մասին, որը այդ փաստաթղթի բուն էությունն է։
Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը։
Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա՛։
Պլան չկա
Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը, որպես պատրվակ, օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքը ավարտել է նոր երթուղու կառուցման աշխատանքները և, հետևաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։
Ադրբեջանը նման հայտարարությունները նույնպես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են։ Նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է․ «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա 3 տարվա ընթացքում (այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը) կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»։
Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի։
Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել։ Չնայած՝ պետք է ընդգծեմ, որ Հայասռանի Հանրապետությունը սկսել է Կոռնիձոր-Տեղ M12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը, ենթադրաբար, պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։ Բայց խոսքը այստեղ՝ եռակողմ հայտարարության մեջ, միայն ճանապարհի կառուցման մասին չէ՛․ պլանի շրջանակներում պետք է պարզաբանվեն մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ։
․․․Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե Հայաստանը փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից։ Սա աբսուրդ հայտարարություն է՝ այն պայմաններում, երբ վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային՝ դեռևս հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում։
Ավելին՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ M12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց․ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթացակարգ էր տեղի ունենում՝ շինկազմակերպության ընտրության նպատակով։
Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մեկ նպատակ ունի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը։
․․․Հայաստանը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները։ Ադրբեջանը պիտի՛ կատարի իր երեք պարտավորությունները՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապը ապահովող կարևորագույն ինստիտուտն է։ Սրանք Ադրբեջանի միջազգային պարտավորություններն են ․և Ադրբեջանը պետք է ի՛ր ստորգրությամբ ստանձնած պարտավորությունները հարգի։
Հայաստանով՝ Նախիջևան
․․․Հայաստանի պարտավորությունների մասին խոսելիս Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը ապահովել։ Մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապը ապահովել։ Ադրբեջա՛նն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից։
Հայաստանի Հանրապեության օրենսդրությամբ սահմանված կարգով եկե՛ք, հատեք Հայաստանի սահմանը և գնացեք Նախիջևան։
․․․Ինչ վերաբերում է նոր կառուցվող ճանապարհներին, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ․ այդ ճանապարհների երթուղին քննարկելը մենք համարում ենք երկրորդ հարց, առաջինից՝ իրավական ընթացակարգերի ամրագրումից և գործարկումից հետո։
Ես այսօր պաշտոնապես ասում եմ․ Ադրբեջանը այսօր կարող է մի քանի կետերով հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Եթե տառացի մեկնաբանենք, [նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ] նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է։ Մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Եվ ոչ միայն Ղազախ-Իջևան հատվածով, այլև Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածով, Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածով, որտեղ մենք մաքսային ծառայության հսկողություն ունենք։
Այս ընթացքում Ադրբեջանը ոչ մի անգամ չի էլ փորձել օգտվել այդ ճանապարհներից։ Չկա դեպք, երբ իրենք գան, ասեն, որ ուզում են հատել, այդ կապը հաստատել, և մենք դրան խոչընդոտենք․․․