Home / Բանակ / Հայաստանն ու Ադրբեջանն այսօր միջնորդներ են միջնորդների միջև

Հայաստանն ու Ադրբեջանն այսօր միջնորդներ են միջնորդների միջև

Շաբաթ օրը Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին չմիջնորդավորված հանդիպումը։

Բանակցություններն ավելի վաղ ողջունել էր Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Հանդիպումից հետո ողջույնի խոսքեր էր հղել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Բանակցությունների հիմնական ինտրիգը, սակայն, Իլհամ Ալիևի՝ նախօրեին արված սպառնալից հայտարարություններն էին․ Հայաստանով անցնող տրանսպորտային միջանցքների շուրջ բանակցություններն, ըստ նրա, տեղից չեն շարժվում, հայաստանցի զինծառայողները չեն լքում Ղարաբաղը, Հայաստանն ի հեճուկս «պայմանավորվածությունների» շարունակում է պնդել կարգավիճակի հարցը։

ոչ հրապարակավ, տեսական, որոշակի, շատ թույլ մշակութային ինքնավարություն

Քաղաքագետ Բենյամին Պողոսյանի կարծիքով՝ թբիլիսյան բանակցությունները, հավանաբար, առաջին հանդիպումն էին՝ նվիրված Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ համաձայնագրի քննարկմանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երեք թրեք է եղել․ հաղորդակցությունների բացում, դեմարկացիայի-դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ և խաղաղության պայմանագիր։ Եթե առաջին երկու թրեքներով, ամեն դեպքում, որոշակի առաջընթաց կա, շատ բան արդեն որոշված է, արդեն ազգային հանձնաժողովներ են ստեղծվել նաև սահմանների դելիմիտացման-դեմարկացման հարցով, ապա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ առաջընթաց չկար։ Այժմ կարող ենք ասել, որ թե՛ Բրյուսելում և թե՛ Մոսկվայում քննարկված բոլոր երեք թրեքների ուղղությամբ ամեն դեպքում ինչ-որ բան է արվում», – «Էխո Կավկազա»-ի թղթակից Վադիմ Դուբնովի հետ զրույցում ասել է հայ քաղաքագետը։

Բանակցությունների փաստն ինքնին դրական է, բայց մեծ բան սպասել դեռևս չարժի․ Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները խիստ տարբեր են։

«Եթե Հայաստանի կառավարությունը, այսպես ասած, ակնարկում է, որ տեսականորեն կարող է ընդունել Լեռնային Ղարաբաղի շատ լայն ինքնավարության տարբերակը, երբ դե յուռե այն Ադրբեջանի կազմում է, բայց դե ֆակտո անկախ է՝ միջազգային երաշխիքների և միջազգային խաղաղապահ ուժերի պերմանենտ ներկայության ներքո, ապա Ադրբեջանի կառավարությունը հրապարակավ խոսում է այն մասին, որ առհասարակ որևէ կարգավիճակ չի կարող լինել, իսկ ոչ հրապարակավ ակնարկում է, որ տեսականորեն կարող է Լեռնային Ղարաբաղին որոշակի շատ թույլ մշակութային ինքնավարություն տալ», – նշել է Պողոսյանը։

Հիշատակված երեք թրեքները, ըստ նրա, միասնական փաթեթով չեն անցնում, կարծես թե առաջին թրեքն առավել ինտենսիվ է քննարկվում և, դատելով եվրոպացիների, ռուսաստանցիների, հենց Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություններից, այստեղ էական ձեռքբերումներ կան։

«Որքանով ես եմ հասկանում, Ադրբեջանը այնուամենայնիվ նման բիրտ նախապայման չի դնում, որ մինչև չստորագրվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որում կասվի, որ Լեռնային Ղարաբաղի ոչ մի կարգավիճակ էլ չկա, չեն բացվի հաղորդակցությունները և չի լինի սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա։ Հայաստանի համար էլ է կոմունիկացիաների բացումը մի հարց, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ այլ հարց»։

Ինչ վերաբերում է միջնորդների՝ Մոսկվայի և Բրյուսելի դիրքորոշումներին, Պողոսյանը կարծում է, որ հիմնարար որոշ հարցերի ուղղությամբ նրանց շահերը չեն համընկնում, չնայած որոշ խնդիրների շուրջ կա փոխհամաձայնություն։

«Թե՛ Եվրամիությունը, թե՛ Միացյալ Նահանգները շահագրգռված են, որ 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ ուժերը դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից։ Առնվազն 2022-ի փետրվարի 24-ից հետո ԱՄՆ-ը, Բրիտանիան և Եվրամիությունը այն գիծն են տանում, որ Ռուսաստանին պետք է թուլացնել, այդ թվում՝ թուլացնել ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքում։ Պարզ է, որ Ռուսաստանը հետաքրքրված է, որ իր զորքերը մնան Լեռնային Ղարաբաղում։ Եթե այս պրիզմայով նայենք, ապա [միջնորդների միջև] ոչ թե մրցակցություն է, այլ կան չհամընկնող շահեր։

․․․Առաջին երկու թրեքներով՝ կոմունիկացիաների բացում և դելիմիտացիա-դեմարկացիայի մեկնարկ, որքանով ես եմ հասկանում՝ Ռուսաստանն ու ԵՄ-ն կողմ են, որ հաղորդակցությունները բացվեն և դելիմիտացիա-դեմարկացիան գոնե մեկնարկի։ Վերջինը կարող է 5 կամ 20 տարի տևել։ Իսկ այ երրորդ թրեքը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագրը, որում ֆիքսված է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ վստահ չեմ [որ նրանց շահերը համընկնում են]», – նշել է Բենյամին Պողոսյանը։

բանավոր խոստումներ

Բանակցությունների նախաշեմին Իլհամ Ալիևը մասնավորապես հայտարարել է, թե Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-ի նոյեմբերին բանավոր համաձայնություն է ձեռք բերվել, որ Հայաստանը կարգավիճակի հարց չի բարձրացնելու։

Կարգավիճակի հարցի արծարծումը Ադբեջանը գնահատում է որպես տարածքային հավակնություն՝ կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը։

«Բացի այդ՝ նա [Իլհամ Ալիևը] նաև նշել է, որ ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականները խոսք էին տվել ադրբեջանական կողմին, որ մինչև այս տարվա հունիս Ղարաբաղի տարածքից դուրս կհանվեն Հայաստանի զինված ուժերի մնացորդները՝ համաձայն եռակողմ հայտարարության 4-րդ կետի, որը մասնակիորեն է իրագործվել։ Ըստ նրա, մինչ այժմ դա չի արվել։ Այստեղ [Ադրբեջանի] նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանը հայտարարության կողմ է և, հետևաբար, ևս պարտականություններ ունի», – Վադիմ Դուբնովի հետ նույն զրույցում ասել է Մամեդովը։

Նույն հարցին պատասխանելով՝ Բենյամին Պողոսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ուժեր չկան, այսինքն՝ 2020-ի նոյեմբերի 10-ից հետո Լեռնային Ղարաբաղում չկան Հայաստանի Հանրապետության զինվորներ, այլ կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում։ Ըստ նրա, Ադրբեջանն այս մասին խոսում է զուտ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար․․․

Երևանը պաշտոնապես հայտարարել էր, որ հայաստանցի նորակոչիկներն այլևս Արցախ չեն տարվելու․ մինչև ամռան վերջ Արցախում ժամկետային զինծառայողներ չեն լինելու։

Ըստ Ֆարհադ Մամեդովի, թբիլիսյան երկկողմ հանդիպման ձևաչափը համաձայնեցվել էր Բրյուսելում այս տարվա ապրիլին։ Օրակարգում, ամենայն հավանականությամբ, խաղաղության պայմանագրի բովանդակությունն էր, ինչը ամրագրվել էր նաև Շառլ Միշելի հայտարարության մեջ։ Հանդիպումը, սակայն, ավելի լայն օրակարգ է ունեցել․ ըստ քաղաքագետի, քննարկվել են նաև սահմանին և ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։

«[Իլհամ Ալիևը] նշում է, որ ավելի քան մեկուկես տարի է անցել, հայերն անխափան օգտվում են Լաչինի միջանցքից, իսկ ադրբեջանցիները Զանգեզուրի միջանցքից՝ ոչ։ Նա նշում է, որ Հայաստանում անգամ ավտոճանապարհի և երկաթգծի նախագծման տեխնիկական աշխատանքը չի իրականացվել․ սա նյարդայնացնում է Ադրբեջանին։

Բրյուսելում Ադրբեջանն ընդառաջել է և համաձայնել հաղորդակցությունների նկատմամբ ինքնիշխանության սկզբունքին։

Ադրբեջանը հայտարարում է, որ եթե Հայաստանը հսկման անցակետեր տեղադրի Զանգեզուրի միջանցում, նույնը կարվի նաև Լաչինի միջանցքում։ Հաղորդակցությունների նկատմամբ ինքնիշխանության սկզբունքը պետք է երկուստեք գործի։

Նունը՝ կարգավիճակի վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահը նշում է, որ եթե Հայաստանը շարունակի խոսել Ադրբեջանի տարածքում որևէ տարածքի կարգավիճակի մասին, նույնը անելու է նաև Ադրբեջանը, այսինքն՝ խոսելու է Զանգեզուրի կարգավիճակի մասին»։

Ինչ վերաբերում է Մոսկվայի և Բրյուսելի քայլերին, ըստ ադրբեջանցի քաղաքագետի՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր միջնորդներ են միջնորդների միջև։

Հայաստան․ Մինսկի խումբ, Ադրբեջան․ հայկական զորքի դուրս բերում

Թբիլիսիում մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները հայտարարություն էին տարածել։

ՀՀ-ն․
— կրկին ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան,
— վերահաստատել է, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը,
— շեշտել է նաև հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման կարևորությունը։

ԱՀ-ն․
— շեշտել է, որ պետք է բոլոր ջանքերը ուղղվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն,
— ընդգծվել է եռակողմ (+ՌԴ) հայտարարությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ,
— անդրադարձել է նաև հումանիտար խնդիրներին՝ «մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու կարևորությանը»։