2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Նորակոչիկները Արցախ չեն տարվելու և այլ խոստումներ

Նորակոչիկները Արցախ այլևս չեն տարվելու։ Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ Սահակ Սահակյանի խոսքով՝ մինչև օգոստոսի 30-ը Արցախում ժամկետային զինծառայողներ չեն լինի։

Ժամկետայիններին հանել առաջնագծից

«Ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել, Արցախում ծառայությունն այս պահին իրականացվում է պայմանագրային զինծառայողներով։ Մեր վերջին ժամկետային զորակոչը՝ 2020 թվականի ամռան զորակոչը, հուլիսի 1-ից կզորացրվի։ Մինչև օգոստոսի 30-ը այլևս Արցախում ժամկետային զինծառայողներ չենք ունենա», - ասել է Սահակյանը։

Արցախում, ըստ նրա, «ծառայության գրավչության համար» փաթեթ է մշակվել։ Պաշտպանության բանակի թափուր հաստիքները համալրվում են պայմանագրայիններով։ Գնդապետի խոսքով՝ քանակը բավարարում է, «բրեշներ չունենք»։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը, ըստ Սահակյանի, փորձում է ժամկետային զինծառայողներին հնարավորինս հանել առաջնագծից։

«Մենք ունենք այդպիսի փորձ նաև Հայաստանում․ երրորդ բանակային կորպուսում ժամկետային զինծառայողներ այլևս չէին ընդգրկվում առաջնագծի մարտական հերթապահության մեջ։ ․․․Կորպուսում խնդիրներ առաջացան, շատ փոքր թվականակով ժամկետայիններ ընգրկվում են, բայց ժամկետայինների 90 տոկոսը երրորդ բանակային կորպուսում մարտական հերթապահության մեջ չեն ընդգրկվում։

Հնարավորության սահմաններում և կախված պայմանագրայինների քանակից՝ մնացած բոլոր զորամիավորումներում գնալու ենք դրան․ ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն պատրաստությամբ, անհրաժեշտության դեպքում պիտի կիրառվեն ըստ նշանակության», - ասել է բարձրաստիճան զինվորականը։

Առաջին հինգ ամիսները ուչեբկայում

Պաշտպանության նախարարի կողմից նոր կարգ է սահմանվել, որ գործելու է՝ սկսած այս զորակոչից։

«Բոլոր նորակոչիկները ուղարկվելու են ծառայության հրաձգային ուսումնական գումարտակներում։ Այդ գումարտակներում գտնվելու են մոտավորապես 5 ամիս՝ մինչև ուսումնական փուլի ավարտը։ Նպատակն է, որ զինվորները՝ ոչ լրիվ պատրաստություն անցած, մարտական հերթապահության չընդգրկվեն։

Այսինքն՝ զինծառայողները մարտական հերթապահության կարող են ընդգրկվել միայն զորակոչից 5-6 ամիս հետո», - ամփոփել է գնդապետը։