Ազատության հրապարակում տասնյակ մարդիկ, հիմնականում՝ ռուսաստանցիներ, հակապատերազմական ակցիա էին անում (օգոստոսի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի կես տարին)։
Ակցիայի առաջին իսկ րոպեներից կազմակերպիչները բերման ենթարկվեցին։ Այնուհետև սկսեցին բերման ենթարկել նաև շարքային մասնակիցներին։ Ոստիկանները ասում էին՝ «ազգամիջյան թշնամանք հրահրելու» համար։ «Полгода БеZумия» պաստառը, օրինակ, հայաստանցի ոստիկանը գնահատում էր որպես «ազգամիջյան թշնամանք հրահրող»։
Բերման էին ենթարկվում անգամ լրագրողները։ Բաժին է տարվել նաև բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը։
Քաղաքապետարանը արտոնել էր այսօրվա հանրահավաքը և երթը։ Սա առաջին դեպքն է, երբ հակապատերազմական ակցիայի դուրս եկած ռուսաստանցիներն ու ուկրաինացիները բերման են ենթարկվում Հայաստանում։
Թարմացում
Ոստիկանությունից փոխանցեցին, որ բերման է ենթարկվել 22 մասնակից։ Բոլորը, ժամը 22։00-ի դրությամբ, ազատ են արձակվել, արձանագրություններ չեն կազմվել։ Ոստիկանությունը նրանց միայն մի թուղթ է տվել, որում գրված է բերման ենթարկելու պատճառը․ ՀՀ Օրենսգրքի 182-րդ հոդված՝ «Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար»։