Home / Հայաստան / Երևանում կոչ արեցին կանգնեցնել Ալիևին ու Էրդողանին

Երևանում կոչ արեցին կանգնեցնել Ալիևին ու Էրդողանին

Ադրբեջանի հայ փախստականները, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներն ու մի շարք այլ քաղաքացիներ այսօր ակցիա էին իրականացնում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի դիմաց։ Մասնակիցները ցանկանում էին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականությանը։ Նրանք նամակներ էին պատրաստել՝ ՄԱԿ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների համար։

ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին իրենց նամակը փոխանցելուց հետո՝ ակցիայի մասնակիցները «Stop Aliev», «Stop Erdogan» կոչերով ու «Կանխարգելեք նոր եղեռնը», «Ես եմ կենդանի վկան Ադրբեջանի հայասպան քաղաքականության» պաստառներով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։ Մարդիկ արդեն սկսել էին երթը, երբ մի կին նույնպես ցանկացավ ելույթ ունենալ՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին ու անձամբ Վլադիմիր Պուտինին ռուս խաղապահների համար։ Մի խումբ կանայք սկսեցին վիճել նրա հետ՝ լռեցնելով և ամոթանք տալով։

Ֆրանսիայի դեսպանատանը մասնակիցներին դիմավորեց անվտանգության պետը՝ վերցնելով նամակը և խոստանալով փոխանցել այն դեսպանին։ Ցուցարարները շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն։ Ոչ ոք դուրս չեկավ՝ նամակը վերցնելու և մասնակիցները որոշեցին գցել այն փոստարկղի մեջ։ Ակցիան այսքանով ավարտվեց, բայց կազմակերպիչները խոստացան նույն նամակը փոխանցել նաև Եվրամիությանն ու Ամերիկայի դեսպանատանը։

Մանրամասները տեսանյութում՝