Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անհապաղ մեկնարկին, կառավարության այսօրվա նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրել է, որ ապրիլի 6-ին եռակողմ հանդիպում է նախատեսված իր, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի հետ։
«Եվ հույս ունեմ՝ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկենք և կհամաձայնեցնենք խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,- ասաց վարչապետը:
Տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից ամենաշատը շահարկվել է հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման: Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանի Հանրապետությունն անարձագանք է թողնում այդ հարցը:
«Այս տվյալը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր: Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետանոց առաջարկ է փոխանցել, բայց մենք իբր անարձագանք ենք թողել այդ առաջարկությունը», – ասել է պաշտոնյան։
Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը մարտի 14-ին, այսինքն՝ չորս օր անց, գրավոր պատասխանել է Բաքվի առաջարկին: Արրտաքին գործերի նախարարն էլ հստակ նշել էր, որ «Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը»:
«Այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը: Եվ ուրեմն հարց է ծագում, ինչո՞ւ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն:
Պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը իր հրապարակային և դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը:
Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլևս լուծված է: Ադրբեջանի այս դիրքորոշումը չի պատասխանում սակայն մի կարևոր հարցի. իսկ ինչպե՞ս է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը: Այս հարցի պատասխանը չկա, ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսևորումը տեսնում ենք միջազգային ամենատարբեր հարթակներում», – շարունակել է Հայաստանի ղեկավարը:
Բաքուն, ըստ վարչապետի, փորձում է ոչ թե լուծել, այլ փակել Ղարաբաղյան հարը, և այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից:
«Ադրբեջանը, ըստ էության, փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից, այդպիսով հարցը փակված համարելու համար, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի: Եթե սխալվում ենք, Ադրբեջանն ուրեմն թող Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերի քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի: Խնդիր, որ առաջ է քաշում ոչ միայն Հայաստանը, այլև ողջ միջազգային հանրությունը», – ասել է պաշտոնյան՝ ընգծելով, որ անվանման գործածությունը միանշանակ լեգիտիմ է՝ նաև այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ արձանագրված են «Լեռնային Ղարաբաղ», «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթները։
Կառավարության ղեկավարի պնդմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը «նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում», և այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է։
Փաշինյանն անդրադարձել է նաև հենց Փառուխ գյուղում օրերս սկսված (և մինչ այժմ շարունակվող) լարված իրավիճակին։
«Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում։ Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, ռուս խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուոժումը Լեռնային Ղարաբաում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է», – ասել է նա։
Վարչապետն ակնկալում է, որ Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժնումների դուրսբերումն իրենց պատասխանատվության գոտուց ապահովելու և՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար։
Ըստ Փաշինյանի՝ Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանության կարիք ունի, այլապես կդառանա ցեղասպանության զոհ։
«Նախկինում առաջարկել ենք լուծումներ, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը։ Առաջարկի էությունը հետևյալն է՝ արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել շփման գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի, և պայմանավորվածությունների կատարումն ամրացնել կոնկրետ երաշխիքներով»,- հայտնել է Փաշինյանը;
Այս առաջարկն, ըստ նրա, չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունն ակնհայտ է հատկապես հիմա։
Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի մարտի 28-ի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար։
«Ինչպես 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հյաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի բովանդակության ձևավորման քաղաքականություն։ Նախ դիվանագիտական և/կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին, առաջարկություններին կամ մեկնաբանություններին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում ինչ-որ պայմանավորվածություններ։ Հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները, պայմանավորվածությունները չկատարելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդեն արդարացվում են վերը նկարագրված խոսույթով։
Բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաև հիմա, և ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել։ Այսօրվա իմ նպատակն այդ խոսույթի անհիմն և ոչ լեգիտիմ լինելն ի ցույց դնելն է»,- ասել է պաշտոնյան և նշել, որ այժմ, օրինակ, Արևմուտքում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե Հայաստանն իր ունեցած 4 հատ СУ-30СМ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար։
«Սա, իհարկե, աղաղակող ապատեղեկատվություն է, և մեր СУ-երը Հայաստան ներկրվելու օրվանից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել: Նույն կերպ իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա։ Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց նրանց ներգրավմանը, և սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է»,- շեշտել է վարչապետը։
Հիշեցնենք՝ մարտի 24-ի օրվա երկրորդ կեսին հաղորդվեց, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները տարհանվել են: Առավոտյան ԱԳՆ-ն հայտարարեց, որ «երեկ մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է»․ Ադրբեջանական ստորաբաժանումները գիշերը կրակ են բացել ՊԲ հենակետերի ուղղությամբ: Ղարաբաղի ՊՆ-ից հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառել է նաև հարվածային ԱԹՍ։ Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ «Ադրբեջանի ԶՈՒ ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար»։
Մարտի 25-ին Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների հետևանքով զոհված երկու պայմանագրային զինծառայողների մասին։ Ավելի ուշ կառույցը հայտարարեց, որ Bayraktar TB-2 ԱԹՍ-երի կիրառման հետևանքով մահացել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):
Ղարաբաղի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հաղորդեց 14 վիրավորների մասին, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Պաշտոնյան ընդգծեց նաև, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինուժերի կողմից ԱԹՍ-երի կիրառման հետևանքով։
Մարտի 26-ին Ռուսաստանի ՊՆ-ն արբեջանական զինուժերին մեղադրեց հրադադարի խախտման մեջ, ինչը Բաքուն միակողմանի որակեց։ Մարտի 27-ին Մոսկվան կրկին մեղադրեց Բաքվին հրադադարի ռեժիմը 2 անգամ խախտելու մեջ՝ նշելով, որ ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Փառուխ գյուղից և որ էսկալացիայի հետևանքով երկու կողմից կա երկուական վիրավոր։ Բաքուն հերքեց հաղորդագրությունը՝ պնդելով, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժ չի եղել։