Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ․ Փիլոյանը ձերբակալվել է, նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նախարարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Այս մասին հաղորդել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հաղորդագրության համաձայն՝ քրգործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։
Քրգործը վերաբերում է ԱԻՆ պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների:
«Հիշյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ», – տեղեկացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ նույն կառույցի՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք:
Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:
Բացի այդ գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻ նախարարության մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից խոշոր չափերով կաշառք ստանալուն:
Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 2000-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն:
Բացի այդ, քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները` Վ. Մ-ն և Մ. Մ.-ն, նախնական համաձայնության գալով, 2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգևատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել և հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ.Մ.-ն ՀՀ ԱԻՆ ՓԾ կարիքների համար 2022 թվականին անցկացվելիք մրցույթի տեխնիկական բնութագիրը համաձայնեցրել է մրցույթի հավանական մասնակցի հետ` այդ կերպ փորձելով նպաստել, որպեսզի միայն նշված ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել և հաղթել մրցույթում:
Նախարար Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` «խոշոր չափերով կաշառք ստանալը» (3 դրվագ): Քննիչի որոշմամբ նա երեկ ձերբակալվել է, նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նախարարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Եվս 8 անձի, այդ թվում` ԱԻՆ տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն հանցակցության, կաշառք տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և այլ հատկանիշներով։ Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: