Ունենք անդառնալի մի իրավիճակ, երբ ճշմարտությունը բացահայտել այլևս հնարավոր չէ՝ «խաղաղ» պայմաններում զոհված (ըստ ծնողների՝ սպանված) զինվորների գործերի ուսումնասիրությունը այսպես է ամփոփում փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Դեռևս 2020 թվականի ամռանը Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր աշխատանքային խումբ ձևավորել, որը հերթով ու հատ-հատ կուսումնասիրի ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների (ծնողների համոզմամբ՝ կոծկված) գործերը։
Զինվորների մայրերն ու հայրերն արդեն տարիներ շարունակ ահազանգում են՝ քննիչները վերացրել կամ կեղծել են իրեղեն ապացույցները, խմբագրել մահվան հանգամանքները, պաշտպանել իրական հանցագործներին, սպանությունները վերաձևել ինքնասպանությունների կամ դժբախտ պատահարների։ Նրանցից շատերը սեփական հետաքննությունն են անցկացրել՝ ապացույցներ հավաքագրել, ամփոփել նյութերում առկա անհամապատասխանություններն ու բացերը։ Ծնողների բողոքների քննությամբ ավանդապես զբաղվել են նույն այն կառույցները, որոնց այդ բողոքները վերաբերում են։ Հիմնականում, իհարկե, ապարդյուն՝ սեփական հանցագործությունները բացահայտելու որևէ շահագրգռվածություն դրանք չունեն։
«Վարչապետի որոշման հիման վրա ստեղծվեց աշխատանքային խումբ, առաջինը ուսումնասիրվեցին Վալերի Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի և Արթուր Ղազարյանի գործերը», – պատմում է փաստաբանը։
Պապիկյանը խմբում ընդգրկված է որպես ծնողների ներկայացուցիչ։ Տիգրան Օհանջանյանի գործի ուսումնասիրությունը մոտ մեկ տարի առաջ է ավարտվել, Վալերի Մուրադյանինը՝ աշնանը, իսկ Արթուր Ղազարյանինը՝ դեկտեմբերին․ եզրակացությունները վաղուց ուղարկվել են վարչապետին և իրավասու մարմիններին։
«Ամիսներ անց մենք կարող ենք արձանագրել, որ նոր քննության ընթացքում առարկայական ոչ մի արդյունք չունենք։ Գործերը, որոնք աշխատանքային խումբը ուսումնասիրության ենթարկեց, 10-15 տարվա վաղեմություն ունեն։ Այսօր արդեն պարզ է դարձել, որ մենք ունենք այնպիսի անդառնալի իրավիճակ, որ հնարավոր չէ օբյեկտիվորեն վեր հանել ենթադրյալ հանցանքը գործած անձանց կամ այնպիսի տվյալներ, որ հնարավորություն կտային ճշմարտությունը բացահայտել։
Օրինակ՝ չունենք դեպքի վայր։ Արթուր Ղազարյանի գործում «դեպքի վայր» հասկացություն ընդհանրապես չի եղել։ Իսկ այսօր այն ուղղակի հասանելի չէ․ դեպքը տեղի է ունեցել, ըստ ամենայնի, Հադրութի մարտական հենակետերում։ Վալերի Մուրադյանի պարագայում դեպքի վայրը հրետակոծվել է թշնամու կողմից․․․ Տիգրան Օհանջանյանի դեպքում դեպքի վայրը չի պահպանվել դեպքից ժամեր հետո», – ասում է փաստաբանը։
Սա է, ըստ նրա, հիմնական պատճառը, որ վերջին մեկ տարվա կամ 7, կամ 4 ամիսների ընթացքում քննիչներն ու դատախազները առարկայական որևէ արդյունք ապահովել չեն կարողացել․
«Ոչինչ չի պահպանվել։ Փաստաթղթային արխիվն անգամ չի պահպանվել։ Շատ փաստաթղթեր, օրինակ, չեն պահպանվել հիմնավորմամբ, որ դրանց պահպանման ժամկետը երկու տարի է․․․ Անհեթեթություն է, իհարկե, այսպիսի պատճառաբանությունը․ այդ բոլոր նյութերը պետք է լինեին գործի մեջ, բայց չկան։
Այսօր մենք ունենք մի այնպիսի անելանելի իրավիճակ, երբ որ պետությունը չի կարող հաստատապես ապացուցել այն պաշտոնական վարկածը, որը առաջ է քաշվել՝ լինի դա ինքնասպանություն, թե դժբախտ պատահար։ Մյուս կողմից՝ մենք չունենք իրավահաջորդների պնդումը հաստատելու համար բավարար ապացույցներ, և չենք կարող հաստատել, որ դա ինքնասպանության նմանակում կամ սպանություն է եղել, որովհետև այդ ուղղությամբ քննություն անգամ չի տարվել․․․»։
Ծնողները աշխատանքային խմբից գոհ են, ասում են՝ խախտումները վերջապես արձանագրվել են։ Դրանից հետո, սակայն, ոչինչ չի արվել։
«Մենք մտավախություն ունենք, այսինքն՝ համոզված ենք արդեն, որ միևնույնն է ոչինչ չի արվելու․․․ Իրենք տանում են նրան, որ այ սենց տարիները գլորեն, գլորեն, ոչինչ չանեն, մինչև անցնի վաղեմության ժամկետը ու փակեն գործը։
Բայց մենք մինչև վերջ կանգնելու ենք, պայքարելու ենք, չենք հանձնվելու։ Մինչև այս համակարգը չփոխվի։ Որովհետև համակարգը նույնն է՝ դատախազությունը, քննչականը․․․ Նույն մարդիկ են՝ նույն շղթան։ Նրանք շատ լավ տեղյակ են մեր գործերից։ Իրենք կբացահայտե՞ն։ Իրենք իրենց արածը ո՞նց են բացահայտելու։
Քննիչները ոչինչ չեն անում։ Մենք դիմել ենք Քննչական կոմիտե՝ Արգիշտի Քյարամյանին, որ մեզ ընդունի, բայց մեզ նորից տեղակալների մոտ են ուղղորդում։ Այդ տեղակալներից մեկը հենց մեր քննիչն է։
Ասում են՝ վարչապետը իրավասություն չունի դատախազությանը կարգադրի։ Իսկ իրավասություն ունի՞ ասելու՝ մենք տեսել ենք այս ամեն ինչը, ձեր արած այս հանցագործությունը, անգործությունը, որ ոչինչ չեք արել, որ իրեղեն ապացույցները թաքցրել եք, ոչնչացրել եք․․․ Ես ասում եմ՝ դուք պիտի աշխատե՛ք, այս գործերին պիտի բացահայտո՛ւմ տաք», – նշում է 2010 թվականին զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։
տեսանյութը՝ 2014 թվականի (պատրաստվել է Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի կողմից)
«Խորհրդատվական եզրակացութունը ուղարկել են դատախազին։ Դրանից հետո էլի ես եմ հետաքրքրվել, թե ուր է՝ դրա ճակատագիրն ի՞նչ է լինելու։ Երկու ամիս հետո ուղարկել են զինվորական դատախազին։ Զինդատախազը դիմել է դատարան, որ գործը կասեցումից հանեն՝ նոր հանգամանքներով, խորհրդատվական եզրակացության հիման վրա։ Սեպտեմբերից, երբ քրգործը կասեցումից հանվել է, առ այսօր ոչինչ չի արվել։ Ոչ մի տեղեկություն չունենք․․․
Մենք նորից չենք սպասելու 15 տարի։ Մենք չգիտենք՝ 15 տարի կապրենք, թե չէ», – հավելում է 2007 թվականին զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։
տեսանյութը՝ 2014 թվականի (պատրաստվել է Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի կողմից)
«Նրանք տղաներին, զինակոչիկներին տանում են ծառայության, գլուխը ուտում, հետո կոծկում՝ ոչ մի բան չեն անում։ Այս համակարգը նեխած է։ Եթե այս համակարգը փոխվեր, այսօր բոլորիս գործերը բացահայտված կլինեին։ Հազարավոր միջնորդություններ ունենք գրած։ Ես էլ չգիտեմ՝ ում կարող ենք դիմել», – ասում է Իրինա Ղազարյանը՝ 2010 թվականին զոհված Արթուր Ղազարյանի մայրը։
Արդարադատության նախարարը, ըստ նրա, խոստացել է, որ սեպտեմբերին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին կհանեն․ ի՞նչ է փոխում դատախազի փոփոխությունը, երբ համակարգը նույն կերպ է գործում։
«Ես որ գնացել էի Նիկոլ Փաշինյանի մոտ, ասացի՝ պարոն Փաշինյան, չէ՞ որ մեր գործով պարզ երևում է, որ Հայկ Գրիգորյանը հանցագործ է․ իրա ձեռքով իմ երեխու գործը կոծկել են։ Ասեց՝ տիկին Իրինա, որ բոլորին հանենք, մենք ի՞նչ ենք անելու։
Բայց ի վերջո ո՞վ պետք է իմ երեխու սպանության համար պատասխան տա։ Ես պահել եմ 19 տարի 7 ամիս։ Ու իմ երեխեն, իմ տղան ապրիլի 27-ին կդառնար 30 տարեկան։ 12 տարի է՝ իմ երեխեն հողի տակ է։ Եթե ես իմ երեխուն տվել եմ պետությանը, պետությունը պիտի պատասխան տա՞, որ իմ տղային տարել են այլ երկիր՝ Ղարաբաղ, ու իմ երեխու գլուխը կերել են։ Ո՞վ ա պատասխան տալու։ Ո՞ւմ դիմեմ։
Համակարգը պետք է փոխվի։ Ուրեմն՝ թո՛ղ փոխեն, թող փոխեն»։
տեսանյութը՝ 2014 թվականի (պատրաստվել է Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի կողմից)
Զառա Հարությունյան