Home / Համայնքներ / Աբխազիան պատրաստ է միանալ Ռուսաստանին ու Բելառուսին

Աբխազիան պատրաստ է միանալ Ռուսաստանին ու Բելառուսին

Աբխազիան պատրաստ է միանալ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը, հայտարարել է մասամբ ճանաչված պետության նախագահ Ասլան Բժանիան։

«Այն տեսակ հեռանկարի դեպքում, ինչպիսին է Միութենական պետությունը, [որը ներառում է] Ռուսաստանը, Բելառուսն ու այլ պետություններ, որոնք կցանկանային միանալ այդ Միութենական պետությանը, մենք մեծ հաճույքով կաջակցեինք այդ գաղափարը և կդառնայինք Միութենական պետության լիիրավ անդամներ», – ասել է Բժանիան «Соловьев LIVE» հեռուստաալիքի եթերում։ 

Նախագահն ընդգծել է, որ լիովին վստահ է, որ Միութենական պետության գաղափարը մոտ է Աբխազիայի ժողովրդին և «համապատասխանում է ազգային շահերին»։

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ապրիլին, Ասլան Բժանիան հայտարարում էր, որ դեմ է Ռուսաստանի Դաշնությանը միանալու համար հանրաքվե անցկացնելու գաղափարին։ Աբխազիան վաղուց ինքնորոշվել է և չի ծրագրում լինել Ռուսաստանի կազմում, պնդում էին երկրի նախագահը, Անվտանգության խորհրդի ղեկավարն ու խորհրդարանի խոսնակը։ 

Մարտի 30-ին Հարավային Օսեթիայի նախագահը նույնպես հայտարարել էր, որ մասամբ ճանաչված հանրապետությունը ուզում է մտնել Ռուսաստանի կազմի մեջ։

Ապրիլի 12-ի իր հրապարակային հայտարարություններից մեկում այս հեռանկարը չէր բացառել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահը։ Խոսելով ԼՂ ապագայի մասին, Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․ «Կարող է լինել անկախություն, կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություն՝ ուղղահայացի շրջանակներում»։

Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունը գոյություն ունի 2000 թվականի հունվարից։ Միության անդամները քննարկել են ընդհանուր խորհրդարանի, սահմանադրության, միասնական արժույթի ստեղծման հարցը, սակայն համաձայնագիր դեռ չեն ընդունել։ 2019 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ վերսկսվեցին բանակցությունները, իսկ 2021-ին կողմերը համաձայնության եկան 28 միութենական ծրագրերի շուրջ՝ ուղղված Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրմանը։

2022 թվականի հուլիսին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ նախկին ԽՍՀՄ երկրները «պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն մերձեցմամբ» Միութենական պետության հետ, «եթե, իհարկե, ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը»։

Աբխազիան պաշտոնապես ճանաչել են միայն Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն և Սիրիան։ Բելառուսն այդ երկրների ցանկում չկա։ ՄԱԿ-ը Աբխազիան համարում է Վրաստանի տարածք։