Աբխազիան սպառնում է՝ օտարերկրյա փորձագետները, որոնք պահանջում են փոխել հանրապետության անկախ կարգավիճակը, կարող են պերսոնա նոն գրատա հայտարարվել։ Ի թիվս այլի, այս կարգավիճակը ենթադրում է Աբխազիա մուտքի արգելք։
Ռուսաստանի Դաշնությանը միանալու համար հանրաքվե անցկացնելու գաղափարի, որը շրջանառության մեջ է դրվել Ռուսաստանի որոշ քաղաքական և փորձագիտական շրջանակների կողմից, Սուխումը բացահակայն արձագանք է տվել։
«Աբխազիայի հրաժարումը՝ հետևել Հարավային Օսեթիային, որի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր հանրաքվե անցկացնելու և Ռուսաստանի մաս դառնալու իր մտադրության մասին, որոշ ռուս քաղաքագետների կողմից բարձրացրեց աբխազների «անշնորհակալ լինելու» մեղադրանքների բուռն ալիք, հնչեցին նաև խնդիրը աբխազների կամքին հակառակ լուծելու մասին կարծիքներ», – գրում է Jam-news պարբերականը։
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան, Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիի և Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Շամբայի հայտարարում են, որ Աբխազիան վաղուց ինքնորոշվել է և չի ծրագրում լինել Ռուսաստանի կազմում։
Ի պատասխան, հավանաբար, հենց այս հայտարարությունների՝ Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Մարիա Բուտինան նշում է․ «
«Մենք պետք է ավելի քիչ արձագանքենք առանձին քաղաքական գործիչների հայտարարություններին», – ի պատասխան, հավանաբար, Աբխազիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, ասում է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Մարիա Բուտինան։
Ըստ ռուսաստանցի օրենսդիրի, «եթե հանրաքվե անցկացնելու որոշում կայացվի, և ժողովրդի մեծամասնությունը քվեարկի «կողմ», նման որոշում կկայացվի»։
«Աբխազիայի Հանրապետության պետական ինքնիշխանությունը, անկախությունը, միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսանալը անվիճելի են և քննարկման առարկա չեն կարող լինել։ Նման հրապարակումները անհեռանկար նպատակ են հետապնդում՝ բացասական ֆոն ստեղծել աբխազա-ռուսական միջպետական հարաբերությունների համար»,- հայտարարում է Աբխազիայի ԱԳՆ-ն։
Պաշտոնական Սուխումը սպառնում է՝«երկրի շուրջ տեղեկատվական բացասական ֆոն ստեղծելու փորձերը շարունակելու դեպքում Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իրեն իրավունք է վերապահելու կանխակալ քաղաքագետների նկատմամբ գործարկել «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մեխանիզմը»։
Jam-news-ը հիշեցնում է՝ Աբխազիայի օրենսդրության համաձայն, անկախ հանրապետության կարգավիճակը փոփոխության ենթակա չէ։ Բացի այդ՝ Աբխազիայի քրեական օրենսգիրքը պատիժների մի ամբողջ փունջ է նախատեսում հանրապետության անկախ կարգավիճակի վերանայման (օրինակ՝ Ռուսաստանին միանալու) հրապարակային կոչերի համար։
Ավելի վաղ, հիշեցնենք, Հարավային Օսեթիայի նախագահը հայտարարել էր, թե մասամբ ճանաչված հանրապետությունը ուզում է մտնել Ռուսաստանի կազմի մեջ։
«Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է, մեր ճանապարհը, ժողովրդի ակնկալիքը: Եվ մենք այս ճանապարհով ենք շարժվելու: Մոտ ապագայում մենք համապատասխան իրավական քայլեր կձեռնարկենք: Հարավային Օսեթիայի Հանրապետությունը դառնալու է իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի մասը», – ասել էր Անատոլի Բիբիլովը։
Ապրիլի 12-ի իր հրապարակային հայտարարություններից մեկում այս հեռանկարը չէր բացառել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահը։ Խոսելով ԼՂ ապագայի մասին, Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․ «Կարող է լինել անկախություն, կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություն՝ ուղղահայացի շրջանակներում»։