հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / Ամերիկացի ոստիկանը սպանել է սև մարդու․ Գրենդ Ռեփիդսում ցույցեր են

Ամերիկացի ոստիկանը սպանել է սև մարդու․ Գրենդ Ռեփիդսում ցույցեր են

Միչիգան նահանգի Գրենդ Ռեփիդս քաղաքում սպիտակ ոստիկանը կրակել է 26-ամյա աֆրոամերիկացի Պատրիկ Լյոյային և սպանել նրան։ 

Ըստ Գրենդ Ռեփիդսի ոստիականական բաժանմունքի հրապարկած տեսանյութի՝ ոստիկանը, համարանիշի հետ կապված խնդրի պատճառով կանգնեցրել է Լյոյայի մեքենան և պահանջել նրա վարորդական իրավունքը։ Ոստիկանի հետ խոսակցության ընթացքում Լյոյան փորձել է փախնել, ոստիկանը էլեկտրահարող ատրճանակը ձեռքին հետապնդել է նրան, գցել հատակին։ Տեսանյութում երևում է, որ աֆրոամերիկացի տղամարդը բռնել է նրա ատրճանակի փողը, որպեսզի ոստիկանը չէլեկտրահարի իրեն։ Տեսաձայնագրությունը այնուհետև, ըստ ոստիկանության, «պատահաբար» անջատվել է։

Հրապարակվել են նաև Լյոյայի մեքենայի ուղևորի նկարահանած կադրերը, որոնք ցույց են տալիս՝ ինչպես է ոստիկանը, արդեն հրազենով, կրակում Լյոյայի գլխին:

Այժմ Միչիգանի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

Պատրիկ Լյոյան ծագումով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից է և Գրենդ Ռեփիդսում ապրում էր շուրջ 5 տարի: 

Դեպքը բողոքի ալիք է բարձրացրել քաղաքի բնակիչների շրջանում։ Չորեքշաբթի օրը ավելի քան 100 ցուցարարներ հավաքվել էին Գրենդ Ռեփիդսի ոստիկանական բաժանմունքի դիմաց՝ պահանջելով հրապարակել ոստիկանի անունը։ Ցույցի մասնակիցները նաև երթ էին իրականացրել՝ վանկարկելով «Սև կյանքերը կարևոր են» (Black lives matter), «չկա արդարություն՝ չկա խաղաղություն»։ 

Լյոյայի սպանությունը Ամերիկայում համակարգային ռասիզմի հերթական դրսևորումներից է։ Այն ոստիկանի կողմից անզեն սև քաղաքացուն սպանելու հարյուրավոր դեպքերից մեկն է: Միայն 2021թ․-ին ոստիկանները 266 սև ամերիկացի են սպանել։ 

Հիշեցնենք, որ վերջին ամենաաղմկահարույց սպանություններից մեկը 2020թ․-ի մայիսի 25-ին Մինեապոլիսում սև ամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունն էր։ Դեպքի հենց հաջորդ օրվանից բազմահազարանոց բողոքի ակցիաներ սկսվեցին՝ «Սև կյանքերը կարևոր են» (Black Lives Matter) կարգախոսով։