41-ամյա աֆրոամերիկացի Դենիել Փրյուդը ձերբակալության ժամանակ շնչահեղձ է եղել՝ ոստիկանների կողմից նրա գլխին մանր ցանցով պարկ հագցնելու հետևանքով։
Փրյուդին պառկացրել են գետնին, գլխին հագցրել են պարկն ու այդ դիրքով պահել երկու րոպե։ Նրան անգիտակից վիճակում հիվանդանոց են հասցրել։ Կյանքը փրկել չի հաջողվել։
Բժշկական եզրակացության համաձայն, մահվան պատճառը շնչահեղձությունն էր, որն էլ ավելի է սրացել օրգանիզմում PCP հալյուցինոգեն թմրանյութի առկայության պատճառով։
Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում մարտի 23-ին, բայց հնչեղություն ստացել է հիմա, քանի որ սպանվածի հարազանտների շահերը ներկայացնող փաստաբաններին միայն վերջերս է հաջողվել ստանալ ոստիկանական տեսանյութը, որից հնարավոր կլինի պարզել, արդյոք Փրյուդը վտանգ էր ներկայացնում ոստիկանների կյանքի համար։
Փրյուդը Չիկագոյում բնակվող պահեստային աշխատող էր, հինգ երեխաների հայր։ Ռոչեսթերում այցելում էր ավագ եղբորը՝ Ջո Փրյուդին։
Չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ջոն պատմել է, որ իր եղբայրը հոգեկան առողջության խնդիրներ ունի, և որ մարտի 23-ին ինքն անձամբ է ոստիկանություն զանգել, քանի որ Դենիելի մոտ վիճակի հերթական սրացումն է սկսվել։
«Բայց ես զանգել եմ, որ օգնեն եղբորս, ոչ թե լինչի դատաստանի ենթարկեն»։
Ոստիկաններից մեկին կցված տեսախցիկի նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես է Դենիել Փրյուդը մերկ վազում փողոցում՝ ձյան տակ։
Երբ ոստիկանները մոտենում են, նա անմիջապես ենթարկվում է գետնին պառկելու հրամանին, ձեռքերը պահում է մեջին մոտ։ Տեսանյութում լսվում է նրա ձայնը․ «Դե իհարկե, դե իհարկե»։
Հետո նա սկսում է հուզվել, հայհոյել ոստիկաններին ու թքել՝ առանց ֆիզիկական դիմադրություն ցույց տալու։
Ավելի ուշ Փրյուդը ոստիկաններին ասում է, որ իր մոտ կորոնավիրուս է, ինչից հետո նրա գլխին սպիտակ պարկ են հագցնում։ Ոստիկաններից մեկը Դենիելի գլխուխը ձեռքով պահում էր դեպի գետին ու պահանջում, որ չթքի։
Ինչ֊որ ժամանակ անց Փրյուդն անշարժանում է։ Ոստիկաններից մեկն ասում է, որ նա երևի սառել է։
Սպանվածի ավագ եղբող մամուլի ասուլիսից հետո Ռոչեսթերի ոստիկանական բաժանմունքի մոտ բողոքի ցույց է սկսվում։ Ցուցրարներից ոմանք փորձում էին մտնել ոստիկանական շենք։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հավաքվածների դեմ գազապղպեղ էին կիրառում։ Կան ձերբակալվածներ։
Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազը տեղի ունեցածը որակել է որպես ողբերգություն և խոստացել է հետաքննություն սկսել։ Փրյուդի ձերբակալությանը մասնակցած ոստիկանները, սակայն, շարունակում են աշխատել։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում չորս սպիտակ ոստիկանների կողմից սպանվել է աֆրոամերիկացի, 46-ամյա Ջորջ Ֆլոյդը։ Ոստիկաններից մեկը՝ Դերեկ Շովինը, ծունկը դրել էր Ֆլոյդի կոկորդին և սեղմել գետնին 8 րոպե 46 վայրկյան, վերջին 2 րոպե 53 վայրկանում Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը։ Գետնին պառկեցված աֆրոամերիկացու մոտ զենք չէր հայտնաբերվել։ Դեպքը տեսանկարահանել են ականատես անցորդները, որոնց սթափվելու կոչերին ոստիկանները շարունակել են մնալ անհաղորդ։
Օգոստոսի 24-ին Ամերիկայի Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքի ոստիկանները կրակ են բացել աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքի ուղղությամբ, ով՝ իրենց պնդմամբ, մեղադրվում է ընտանեկան բռնության հետ կապված միջադեպում ներգրավված լինելու մեջ։