Լիբիայի ափամերձ ջրերում խորտակվել է Նիգերիայից, Գանայից և Գամբիայից «անօրինական» միգրանտներին դեպի Եվրոպա տեղափոխող հերթական նավակը. առնվազն 57 մարդ խեղդվել է։ Նավի վրա, ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների, եղել է առնվազն 75 մարդ։ Նրանցից 18-ին հաջողվել է փրկել։ Փրկվածների հաղորդմամբ՝ զոհերի թվում կա առնվազն 20 կին և առնվազն 2 երեխա։
«Այս վերջին ողբերգությամբ 2021 թվականին Միջերկրական ծովում զոհված տղամարդկանց, կանանց և երեխաների թիվը մոտեցավ 970-ին», – նշել է կազմակերպության խոսնակ Փոլ Դիլոնը:
Այս ողբերգությունից մի քանի օր առաջ ևս 20 մարդ էր խեղդվել Միջերկրական ծովում՝ փորձելով հատել սահմանը և հասնել Եվրոպա։ Եվս 500-ին բռնի ուժով հետ էին վերադարձրել Լիբիա՝ ներգաղթյալների ճամբարներ։
Հյուսիսաֆրիկյան երկիրը վաղուց է տարանցիկ ուղի դարձել աֆրիկացի ներգաղթյալների համար, ովքեր ձգտում են հասնել Եվրոպա։
Եվրամիությունն այս հարցում համագործակցում է լիբիական իշխանությունների հետ։ ԵՄ-ի կողմից օժանդակություն ստացող լիբիական առափնյա պահակախումբը այս տարվա առաջին կեսին հետ է ուղարկել սահմանը հատել փորձող 15 000 միգրանտի, որոնցից 7000-ը, ըստ հաղորդվող տվյալների, բռնի ուժով ուղարկվել են լիբիայի (բավական վատ պայմաններ ունեցող) ճամբարներ։ Չնայած բուռն քննադատությանը՝ առափնյա «պահապանները» մինչ այժմ շարունակում են իրենց աշխատանքը։
Հենց պահապան այս խմբի պատճառով է, որ նավերը հիմնականում ծով են դուրս գալիս գիշերը՝ չնկատվելու նպատակով, և հիմնականում գերբեռնված են։
Ըստ Ներգաղթյալների միջազգային կազմակերպության՝ Միջերկրական ծովում սահմանը հատել փորձելիս զոհված միգրանտների թիվը անցյալ տարվա համեմատ կրկնապատկվել է։