Քաղաքական ակտիվիստ և բլոգեր Բախտիյար Հաջիևը, լքելով Բաքվի ոստիկանական բաժանմունքը հերթական ձերբակալությունից հետո, հաղորդել է, որ ծեծի է ենթարկել ուժայինների կողմից։ Նա հայտարարել է, որ հրաժարվում է Ադրբեջանի քաղաքացիությունից և ուզում է դառնալ Հյուսիսային Կորեայի քաղաքացի։
Բաքվի ոստիկանությունը 60 հազար հետևորդ ունեցող բլոգերին 6 ժամ պահել է բաժանմունքում, իսկ դուրս գալուց հետո Հաջիևը պատմել է որ իրեն քաղաքացիական շորերով մարդիկ են առևանգել ու տարել ոստիկանություն։ Այնտեղ Հաջևին ստիպել են ջնջել Ադրբեջանի ՆԳ նախարար Վիլայաթ Էյվազովի մասին հրապարակումները։ Ակտիվիստը հայտնում է, որ հաջորդ իսկ օրը նամակ է գրել երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով զրկել նրան քաղաքացիությունից։
Հաջիևը նշել է, որ փորձելու Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) քաղաքացիություն ստանալ, որովհետև համարում է՝ ԿԺԴՀ-ն Ադրբեջանից լավ է ղեկավարվում։ Ակտիվիստը Հյուսիսային Կորեա էր այցելել 4 տարի առաջ։
«Այնտեղ բոլոր վճիռները մի մարդ է կայացնում։ Ուժայինները խստորեն ենթարկվում են նրան։ Բայց կանոնները բաց են ու հայտնի։ Այդ երկիրը առաջնորդվում է դիկտատուրայի կանոններով, սակայն՝ գոնե ոչ մաֆիայի», – Кавказский узел-ի հետ զրույցում պարզաբանել է Հաջիևը։
Այս տարվա ապրիլին առևանգվելուց հետո Հաջևը պատմել էր, որ դիմակներով մարդիկ նրան տարել էին մայրաքաղաքից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող ամայի մի տեղ, նվաստացնում էին՝ պահանջելով որ սոցցանցերից ջնջի ոստիկանապետի մասին հրապարակումները և դադարի նախարարին քննադատելը։
Ադրբեջանում հաճախ են լինում դեպքեր, երբ ոստիկանությունը ձերբակալում է մարդկանց այնպես, որ փաստաբանները հետո ժամերով կամ օրերով չկարողանան գտնել պաշտպանյալներին, նշում է Բի-Բի-Սի-ն։ Ձերբակալվածներին պարբերաբար ստիպում են սոցցանցերից նրանց տարբեր հրապարակումները ջնջել։
Բաքուն դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել երկրի քաղաքացիությունից Հաջիևի հրաժարվելը։ Ադրբեջանի ՆԳՆ-ի հետ տեղացի լրագրողներին նույնպես չի հաջողվել կապ հաստատել։
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և՛ Ադրբեջանը, և՛ Հյուսիսային Կորեան դասում են անազատ երկրների շարքին, սակայն ԿԺԴՀ-ն Համաշխարհային ազատության ռեյթինգում շատ ավելի ցածր դիրք է գրավում՝ զիջելով միայն Սիրիային, Հյուսիսային Սուդանին և Թուրքմենստանին։