Ադրբեջանի ոստիկանությունը դաժանորեն կասեցրել է Մինգեչաուր քաղաքում սկսված բողոքի ակցիան։ Քաղաքի բնակիչներին վրդովվեցրել է 27-ամյա Բահրուզ Հաջիևի հետ տեղի ունեցած դեպքը, ով մահացել էր ոստիկանության բաժանմունք բերվելուց 20 րոպե անց։ Օգոստոսի 20-ին նրան և ևս մի քանի մարդու բերման էին ենթարկել թմրանույթեր պահելու կասկածանքով։ Հաջիևի հարազատները պնդում են, որ երիտասարդը իրեն նետել է ոստիկանության բաժանմունքի շենքի երրորդ հարկից՝ չդիմանալով կտտանքներին։ Հաջիևի հարազատներին նրա մահվան մասին տեղեկացրել են դին դատաբժշկական փորձաքննության ենթարկելուց հետո. դատաբժիշկները, սակայն, հայտարարել են, որ երիտասարդի մարմնի վրա բռնության հետքեր չկան։
«Թուրան» գործակալության փոխանցմամբ, դեպքից հետո հարյուրավոր մարդիկ դուրս են եկել 120 հազարանոց քաղաքի փողոցներ։ Մինգեչաուր են բերվել ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնց ներկայացուցիչները բողոքողների դեմ ձայնային նռնակներ, արցունքաբեր գազ, մահակներ են կիրառել։ Ուժայինների տվյալներով՝ ձերբակալվել է 21 մարդ։
Ցույցը դաժանորեն ցրելուց հետո պաշտոնատար անձիք սկսել են հայտարարել, որ միջադեպի քննության ընթացքն անձամբ վերահսկելու է երկրի նախագահը։ Ոստիկանությունն ու դատախազությունը հայտարարել են ձերբակալված ոստիկանի մասին՝ ավագ լեյտենանտ Շահլար Շահլարզադե։ «Խիստ նկատողություն» է ստացել Մինգեչաուրի քաղաքային ոստիկանության ղեկավար գնդապետ Ալեսքեր Բադալովը։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ բերման ենթարկված Հաջիևն ինքն է նետվել երրորդ հարկից հարցաքննության ժամանակ, և մեջբերում փորձաքննության եզրակացությունն այն մասին, որ խոշտանգումների հետքեր չեն հայտնաբերվել։ Հաջիևի հարազատների պնդմամբ՝ խոշտանգումների հետքերն ակնհայտ երևում են մահացածի մարմնի վրա։
«Բահրուզ Հաջիևին խոշտանգում էին՝ ստիպելով իր վրա վերցնել հանցագործությունը, որն ինքը չէր կատարել։ Նրա ուսին ր մարմնի վրա երևում են մահակի հարվածի հետքերը։ Չտեղեկացնելով մեզ՝ Բահրուզի մարմինը տարել են դիահերձարան և դիահերձել։ Այժմ նրանք փորձում են ապացուցել, որ եղբայրս թմրամոլ է եղել», ֊ «Ազադլիգ» ռադիոկայանի հետ զրույցում ասել է մահացածի զարմիկը՝ Գյուլնարա Հաջիևան։