NIDA ընդդիմադիր շարժումը հրաժարվել է Ադրբեջանում նոյեմբերի 1֊ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցությունից՝ հետ կանչելով իր բոլոր թեկնածուներին։ Կազմակերպությունը պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ չի հավատում արդար ու ազատ ընտրություններին․ դրանք, ըստ ընդդիմադիրների, «հերթական անգամ կեղծվելու են, ու ռեժիմը ձևավորելու է իրեն ենթակա խորհրդարան»։
«Ընտրություններին մասնակցելու որոշում ընդունելով՝ մենք պատգամավորական մանդատներ ստանալու նպատակ չէինք հետապնդում։ Մենք ցանկանում էինք նախընտրական քարոզարշավի 21֊օրյա ժամանակաշրջանն օգտագործել բնակչության հետ կապի ամրապնդման, ընտրողներին NIDA֊ին ծանոթացնելու, մեր նպատակներն ու ծրագրերը քաղաքացիներին հասցնելու, նրանց մտահոգություններն ու փոփոխության պայքարի կոչերը լսելու համար։ Ընտրողների շրջանում ստորագրահավաքի ու նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք, շփվելով տասնյակ հազարավոր քաղաքացիների հետ, հասել ենք մեր նպատակին»,֊ ասված է ընդդիմադիրների հայտարարության մեջ։
Contact.az֊ի փոխանցմամբ՝ եղել են դեպքեր, երբ ընտրողների վրա գործադրվել է ճնշում՝ ընդդիմության թեկնածուների օգտին իրենց ստորագրությունից հրաժարվելու նպատակով։ Բացի դրանից, իշխանությունները հրաժարվել են հակառակորդներին նախընտրական քարոզարշավի համար անվճար եթեր տրամադրել հանրային հեռուստատեսությունում։
Անդրադառնալով տվյալ խնդրին՝ NIDA֊ն հայտարարել է, որ «իշխանությունները վախենում են ընտրությունների վերաբերյալ միջազգային հեղինակավոր կառույցների օբյեկտիվ ու արդար գնահատականից ու ստեղծում են խոչընդոտներ այդ կազմակերպությունների դիտորդական առաքելության համար»։
«Հաշվի առնելով առկա հասարական֊քաղաքական իրավիճակն ու ճնշման մթնոլորտը՝ մենք հրաժարվում ենք մասնակցությունից խորհրդարանական ընտրություններին ու հայտարարում ենք, որ չենք ճանաչում նախապես հայտնի արդյունքներով քվեարկությունը։ Մեր ակտիվիստները հետևելու են ընտրություններին ու փորձելու են բացահայտել կեղծման դեպքերը»,֊ հայտարարել է NIDA֊ն։