Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը վրդովվել է «տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ արտանետումների կապակցությամբ, որոնք օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանն առնչություն ունենալու հրեշավոր և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսաստանյան կառույցների հասցեին»:
Դեսպանատունը, որևէ կոնկրետ օրինակ չբերելով և «արտանետումների» հեղինակների անուններ չնշելով, պնդում է, որ «դա դիտարկում է որպես ուղղակի սադրանք նման հերյուրանքների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից՝ ուղղված ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների սասանմանը»․
«Ռուսական կողմն՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավված է ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներում»։
Դեսպանությունը Հայաստանի իշխանություններից ակնկալում է «նման ոչ բարեկամական դրսևորումների կանխարգելմանն ուղղված քայլեր, ներառյալ՝ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանություններ», և հայտնում է, որ համապատասխան նոտա է հղել ՀՀ արտգործնախարարություն:
Պաշտոնական տեքստում չի հստակեցվում՝ կոնկրետ ո՞վ և ինչո՞ւմ է մեղադրել ՌԴ-ին, ինչո՞ւ հայաստանյան իշխանությունները պետք է դրանով զբաղվեն, ինչո՞ւ ռուսաստանյան դիվանագետներն անհրաժեշտ համարեցին նոտա հղել Հայաստանի ԱԳՆ։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության օրը WarGonzo Տելեգրամ-ալիքը 4-ամյա երեխայի մահվան մասին էր գրել՝ նախքան մանկահասակ երեխայի մահվան մասին տեղեկատվության պաշտոնապես հաստատվելը։ Նույն օրը՝ օգոստոսի 14-ին, ալիքում տեղադրվեց ռուսամետ ակտիվիստ Միկա Բադալյանի ուղիղ միացումը․ հուլիսի վերջին նա Ռուսաստանի դեսպանատան առջև հակապատերազմական ցույցի վրա հարձակվողներից մեկն էր։
Տեղական Տելեգրամ-ալիքների ու Ֆեյսբուքում քննարկումների մակարդակում տարատեսակ վարկածներ էին առաջ քաշվում, այդ թվում՝ անփութության վարկածը։ Հանդիպում էին նաև մարդիկ, որոնք փորձում էին հասկանալ՝ ու՞մ կարող է ձեռնտու լինել Հայաստանում իրավիճակի ապակայունացումը Երևանի մետրոպոլիտենում, օդանավակայանում ու այլ օբյեկտներում ռումբերի տեղադրման մասին ահազանգերի, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող գործընթացների ֆոնին (Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, Ադրբեջանի հետ բախումներ և բանակցություններ)։
Արդյոք արժի՞ նման դեպքում կապ տեսնել դեսպանատան արձագանքի և ռուսամետ ակտիվիստների ու պրոպագանդիստների գործունեության միջև, որը կարող էր նոտային նախորդող յուրօրինակ նախերգանք լինել։ Արդյոք շատ լուրջ բան չէ՞ մի պետության կողմից մյուսին պաշտոնապես դիմելը։ Արդյոք դա կփարատի՞ կասկածները, թե՞, հակառակը, կստիպի մտածել, որ ռուսական կողմը դիրք ընդունելու և, ոչ ավել ոչ պակաս, նոտա հղելու համար պատրվակ էր փնտրում։
Երբ WarGonzo ռազմական պրոյեկտը ստեղծողի ֆան-ակումբը ներկայացնող «Семен Пегов» տելեգրամյան ալիքը որոշեց անդրադառնալ այլ ՏԳ-ալիքի գրածին (գրառումը սկսվում էր հետևյալ կերպ․ «Ռուսաստանում նման ընկերների հետ արտաքին թշնամի էլ պետք չէ, դուք ինքներդ հայ հասարակությանը Ռուսաստանի դեմ կլարեք»), նա գրեց․ «Հայաստանյան ԶԼՄ-ներում հակառուսական հիստերիան կանգ չի առնում։ Մեզ ուրախ ժամանակներ են սպասում, Հայաստանի դենացիֆիկացիան անխուսափելի է»։ Պե՞տք է այստեղ կապ տեսնել դեսպանատան արձանգանքի և նմանատիպ «սպառնալիքների» միջև։ Թե՞ արժի, որ Հայաստանը ՌԴ-ին նոտա հղի տարատեսակ բլոգերների ու ալիքների գործունեության հետ կապված՝ հիմնվելով ո՛չ թե պաշտոնական հայտարարությունների, այլ «դենացիֆիկացիայի» կողմնակիցների հրապարակումների վրա։
Ինչ վերաբերում է «դենացիֆիկացիային», Պեգովի այլ փոստերում ուկրաինացի ու հայ քաղաքական գործիչներ Ստեփան Բանդերայի ու Գարեգին Նժդեհի մասին մտորումներ են։ Նաև «ամենայն պատասխանատվությամբ» արված հայտարարություն առ այն, որ «երևանյան իրադարձությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ տեռոր, և այն հայերի կողմից է իրականացված՝ արևմտյան հատուկ ծառայությունների փափուկ ղեկավարման ներքո»։
Հայաստանում իրո՞ք «հակառուսական հիստերիա է» սգո օրերին։
Իսկ ռուսամետ բլոգերների ու ակտիվիստների շրջանակներում հիստերիա տիրու՞մ է և ի՞նչ նպատակով է այն ուժգնանում։ Սոցցանցերում արված ո՞ր փոստին կամ մեկնաբանությանն է պետք արձագանքել պաշտոնական մակարդակում և պե՞տք է արդյոք։
Ուրեմն, պաշտոնական/ոչ պաշտոնական ֆան-ռեսուրսների կողմից արված լցոնումների ու դիվանագիտական ներկայացուցչության անհարկի հանդես գալու միջև կապին վերաբերող կասկածները ևս կարելի է լեգիտիմ համարել։
Ալլա Մանվելյան