Home / Հայաստան / Սուրմալուի հրդեհից տուժածներին տաղավարներ են խոստացել, տնօրինությունը շոկի մեջ է

Սուրմալուի հրդեհից տուժածներին տաղավարներ են խոստացել, տնօրինությունը շոկի մեջ է

Անցած գիշեր «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 40 տաղավար է վնասվել։

Այրվել են հիմնականում խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարները։

«Այս պահին բոլորին տալիս ենք անվճար տարածքներ, տաղավարների տերերը ապրանքները կտանեն, հետագայում կորոշեն, թե ինչ պետք է անել․․․», – նշել է «Սուրմալու»֊ի տեղամասի պետ Վարդան Մանուկյանը լրագրողների հետ զրույցում։

Հրդեհից հետո այլևս ապրանքներ չունեցող մարդկանց տրվող փոխհատուցման մասին հարցին Մանուկյանը պատասխանել է․

«Դե մարդիկ էլ կան, որ ունեն [ապրանքներ], տեղափոխում ենք անվճար տարածքներ բոլորին․․․»։

Տեղամասի պետի խոսքով՝ այժմ դժվար է խոսել հրդեհի պատճառների մասին։ Հոսանքի հետ կապված խնդիրներ, ըստ Մանուկյանի, մինչ այժմ չեն եղել։

Այրված տաղավարներից մեկի սեփականատեր Գագիկ Սիմոնյանը, սակայն, այլ կառծիք ունի։ Tert.am-ի հետ նա զրույցում նշել է, որ պատճառը հավանաբար հենց շենքում առկա հոսանքի շիթն է։

«Այս շենքում ամենամեծ խնդիրը էլեկտրականությունն է, այնտեղ հոսանքի շիթ կա, հոսանքի շիթից էլ բոցը տարածվել է:»,֊ ասել է տաղավարի տերը։

Տաղավարի սեփականատիրոջ խոսքերով՝ էլեկտրական լարերի հետ նախկինում ևս խնդիրներ են առաջացել, որից հետո լարերը փոխվել են։ Սիմոնյանը խնդրահարույց է համարում նաև շենքի՝ փայտե տանիքներ ունենալը։

Սիմոնյանը նշել է, որ իր հետ դեռ չեն կապվել տոնավաճառի տնօրինությունից։

«Մենք փորձել ենք կապ հաստատել նրանց հետ, ասել են՝ շոկի մեջ ենք, թողեք մենք էլ խելքի գանք, հանգստանանք, հետո ձեզ հետ կխոսենք: Նրանց այստեղ չեմ տեսել դեռ, երևի, իրենց կաբինետներում են․․»,֊ նշել է նա։

Հրդեհը բռնկվել է 03:07-ի շրջակայքում՝ տոնավաճառի կենտրոնական մասնաշենքում։ ԱԻՆ֊ի փոխանցմամբ՝ կրակը մարվել է 08:39-ին։