Home / Բնապահպանություն / Հրդեհների հետևանքով Օրեգոն նահանգում ավելի քան կես մլն մարդ է տարհանվել

Հրդեհների հետևանքով Օրեգոն նահանգում ավելի քան կես մլն մարդ է տարհանվել

Միացյալ Նահանգների արևմուտքում գտնվող Օրեգոն նահանգի իշխանությունների հրամանով, շուրջ կես միլիոն բնակիչներ (նահանգի բնակչության ավելի քան 10 տոկոսը), ում տները աննախադեպ հրդեհների հետևանքով վտանգված գոտում են, կտարհանվեն։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում այրվել են հազարավոր քառակուսի մետր տարածքներ, հարյուրավոր տներ ավիրվել են, նվազագույնը 4 մարդ մահացել է։ Նահանգի ոստիկանությունը հետաքննում է միտումնավոր հրկիզման առնվազն մեկ դեպք։

Հարևան Կալիֆորնիա նահանգում տարվա այս ժամանակի համար աննախադեպ բարձր ջերմաստիճան է։ Ուժգին քամիների պատճառով հրդեհներն արագ տարածվում են։ Մահացել է 7 քաղաքացի։

Ինֆերնոն Օրեգոնում

Հինգշաբթի երեկոյան Օրեգոն նահանգի արտակարգ իրավիճակների վարչությունը հաստատեց, որ էվակուացվել է 4.2 մլն բնակչությամբ նահանգի բնակիչների 10 տոկոսը։

Իշխանությունները մարդկանց հորդորում են ժամանակավոր կացարաններում սոցիալական հեռավորություն պահպանել, հնարավորինս հետևել հակահամաճարակային միջոցառումներին։ Խորհուրդ է տրվում ննջարանային հատվածները կազմակերպել ոչ ավել քան 50 հոգու համար։ Ավելի շատ մարդկանց նույն տարածքում հավաքվել թույլատրվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

«Մեր նահանգում մենք երբեք չէինք բախվել նման անվերահսկելի հրդեհի։ Բայց այդ դեպքը եզակի չի լինի ցավոք։ Սա ապագային վերաբերող ակնարկ է։ Մենք արդեն զգում են կլիմայական կտրուկ փոփոխությունների հետևանքները», – մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Օրեգոնի նահանգապետ, Ամերիկայի ժողովրդավարական կուսակցության անդամ Քեյթ Բրաունը։

Տարհանվածների թվում են Վիլսոնվիլլի Քոֆի Կրիկ քրեակատարողական հիմնարկի ավելի քան 1300 դատապարտյալներ, մեծ մասը՝ կանայք։ Բանտային շինությունը գտնվում էր միաժամանակ երկու առանձին հրդեհների ճանապարհին։ Այժմ այդ հրդեհների միացումը իշխանությունների գլխավոր մտավախություններից է։

Կալիֆորնիայի հետ սահմանից շատ փոքր հեռավորության վրա գտնվող Էշլենդ քաղաքում բռնկված հրդեհի պատճառը՝ ոստիկանության կարծիքով, միտումնավոր հրկիզումն է եղել։ Նվազագույնը երկու քաղաքացի մահացել է, Ֆենիքսի և Թելենթի շրջաններում ավիրվել են հարյուրավոր տներ։


Ֆենիքսի հրդեհի հետևանքները․ ինֆրակարմիր արբանյակային նկարում մոխրագույնով պատկերված են այրված հատվածները, նարնջգույնով՝ մնացած բուսականությունը

Portland Tribune թերթի տվյալներով, հինգշաբթի օրը Պերտլենդում գրանցվել է ծխի աշխարհում ամենաբարձր պարունակությունը օդում։ Այն գերազանցել է Ջակարտայի, Դելիի և Լահորի ցուցանիշը։