Home / Առողջապահություն / «Սուրմալու»-ում պայթել է հրավառությունների նյութերի պահեստը․ կա 3 զոհ, 61 տուժած (թարմացվող)

«Սուրմալու»-ում պայթել է հրավառությունների նյութերի պահեստը․ կա 3 զոհ, 61 տուժած (թարմացվող)

00։19 _ Այս պային պայթյունի հետևանքով զոհվածների թիվը 3 է։ ԱԻՆ-ը հրապարակել է նրանցից անունները՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմա Նազարյան։

Նախարարությունը թարմացրել է նաև անհետ կորած համարվող քաղաքացիների ցուցակը։ Հիշատակված 25 մարդկանցից 6-ը հայտնաբերվել է (նրանք ողջ են)։ Այս պային անհետ կորած է համարվում 19 անձ։ Անունները՝ այստեղ։

23։00 _ ԱԻՆ-ը հրապարակել է «Սուրմալու» տոնավաճառի տարածքում (ենթադրաբար) անհետ կորած 25 քաղաքացիների անուն-ազգանունները։ Անհետ կորածների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում անհրաժեշտ է զանգահարել «911» թեժ գիծ։

22։54 _ «Ահազանգ ունենք, որ 5 տարեկան երեխան և նրա հղի մայրը անհետ կորած են, եղել են այցելու», – ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Զոհված քաղաքացիներից մեկը մոտ 50 տարեկան տղամարդ է, մյուս երկուսը կանայք են՝ մինչև 50 և մինչև 40 տարեկան։

Փրկարարական աշխատանքների ընթացքում ծխահարվել է 7 փրկարար:

22։18 _ Փլատակների տակից ևս մեկ մարդու դի է հայտնաբերվել: «Հ1»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը։

Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ 3 է։ Տուժածների թիվը հասել է 61-ի։

20:45 _  20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին, ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

19:48 _ «Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի: Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է:

Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել», – հաղորդել է Առողջապահության նախարարությունը։

19։16 _ Ըստ ԱԻՆ-ի, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի։ Ըստ ԱԻՆ-ի, «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ նրանցից 36-ի վիճակը միջին ծանրության է, մյուսներինը՝ բավարար: 56 տուժածներից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

18:54 _ Անցյալ տարի՝ 2021 թվականի մարտի 9-ից 16-ը, ՔՀՏԱ տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում («Սուրմալու» տոնավաճառ)։

Ստուգման արդյունքում հայտնաբերել են հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավել լուրջ խախտումներ: Խախտումները վերացնելու կարգադրագրեր են տրվել, ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Հետագայում վերստուգումներ չեն իրականացվել (այսինքն՝ տեսչական մարմինը չի հետևել անգամ իր իսկ տված կարգադրությունների ընթացքին)։

17:18 _ Ըստ ԱՆ-ի, ժամը 16:30-ի դրությամբ պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի:

16։38 _ Առողջապահության նախարարության հաղորդմամբ, «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 10-ը անչափահաս․ նրանք ստացել են առաջին բուժօգնությունը և դուրս են գրվել:

«Մեկ երեխա այս պահի դրությամբ գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում»։

16։23 _ Ըստ ԱԻՆ-ի, պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 36-ի։

15։48 _ Պայթյունից տուժած քաղաքացիներից 26-ը բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Ժամը 15:00-ի դրությամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել: «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «Էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած:

Շտապօգնությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ պայթյունից վնասվածք ստացածների մեջ կան 3 անչափահասներ, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ըստ ԱԻՆ-ի՝ առևտրի կենտրոնի շենքն ամբողջությամբ այրվում է, կրակը դեռևս չի մարվել:

14։48 _ «Սուրմալու» առևտրի կենտրոնում ժամը 13։23-ի սահմաններում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով, կա 1 զոհ և 20 տուժած։

https://twitter.com/epressam/status/1558771382514851840

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 18 մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։

«Պայթյունի հետևանքով հսկայական փլուզումներ են տեղի ունեցել: …Մեծ թվով քաղաքացիներ հայտնվել են փլատակների տակ: Վնասվել են մեծ թվով ավտոմեքենաներ, խանութներ», – գրում է shamshyan.com-ը։

Նախնական տվյալներով, «Սուրմալու» շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը՝ հավելելով՝ ԱԻՆ-ի փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։

Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա։