Home / Հայաստան / Սուրմալուում տեսչական ստուգումները ձևական էին

Սուրմալուում տեսչական ստուգումները ձևական էին

Անցյալ տարի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Սուրմալու» տոնավաճառում, որտեղ այսօր հրդեհի բռնկմամբ հսկայական պայթյուն է տեղի ունեցել։

Ստուգման արդյունքում հայտնաբերել են հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավել լուրջ խախտումներ։ Խախտումները վերացնելու կարգադրագրեր են տրվել, ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Հետագայում վերստուգումներ չեն իրականացվել։ Այսինքն՝ տեսչական մարմինը չի հետևել անգամ իր իսկ տված կարգադրությունների ընթացքին։

Տեսչական մարմնի պարզաբանումը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի փոխանցմամբ, «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության («Սուրմալու» տոնավաճառ) առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում 2021 թվականի մարտի 9-ից 16-ը ներառյալ ստուգում է իրականացվել, որի արդյունքում տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել են ԱԻ նախարարի կողմից 18.06.2015թ. հաստատված հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի տարբեր բնույթի խախտումներ:

Մասնավորապես հայտաբերվել են հետևյալ խախտումները.

— Կրպակաշարերը, տաղավարները տեղակայված չեն շենք-շինություններից ոչ պակաս 8մ հեռավորության վրա,
— Շինարարական հիմատարրերը տոգորված չեն հրապաշտպան լուծույթով,
— 15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի (Помещение) դռները չեն բացվում դեպի դուրս,
— Օդային էլեկտրահաղորդման գծեր են անցկացված հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների վրայով
— 55 քմ գերազանցող մակերոսով բնական լուսավորություն չունեցող սենքերում (помещение) տեղակայված չի եղել հակածխային պաշտպանության համակարգ,
— Արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված օբյեկտների տարածքում բացակայել են առնվազն 1 հիդրանտն ու հակահրդեհային ջրավազանը,
— Շենքերը սարքավորված չեն հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով այնպես, որ յուրաքանչյուր կետ ցողվի 1×2,5 լ/վրկ ջրի շիթով,
— 3500 քմ-ն գերազանցող երկհարկանի առևտրի սրահի սենքերը (Помещение) սարքավորված չեն հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով:
— Անկախ մակերեսից 3 և ավելի հարկայնություն ունեցող առևտրի կազմակերպության շենքում սարքավորված չի եղել հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ։
— Առևտրի և հասարակական նշանակության սննդի օբյեկտները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով։
— Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը չեն գտնվել սարքին վիճակում։
— «Ա», «Բ», «Վ» կարգի շինություններում կրակմարիչները տեղադրված չեն եղել հրդեհի հնարավոր օջախներից 30 մետրից ոչ ավել հեռավորության վրա։

«Տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության շենքում հայտնաբերված խախտումները վերացնելու կարգադրագրեր է տվել ընկերության տնօրինությանը։ Վերջինիս նկատմամբ ՏՄ-ի կողմից կիրառվել է նաև վարչական պատասխանատվության միջոց՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով», – ասված է պարզաբանման մեջ։

Վերստուգումների չեն արվել․ ՏՄ-ը «ծանրաբեռնված» էր

«Սուրմալու»-ում նախորդ տարվա հրդեհից հետո Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը վերստուգում դեռ չէր արել: Նախորդ հրդեհը բռնկվել էր վերոհիշյալ ստուգման ակտից օրեր անց։

«Դրանից հետո, ըստ գրաֆիկի և ծանրաբեռնվածության, վերստուգումը դեռ չէր հասել «Սուրմալու»-ին», – մեկնաբանել է ՏՄ-ի խոսնակ Ելենա Զոհրաբյանը: