թարմացում․ 22։00 — Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Ժամը 21:30-ից մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
18։08 — Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է, քաղաքացիները տարհանվել են։ Հերթական անգամ պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։
«Ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ
տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կետրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը», – հաղորդել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվել են տարահանման աշխատանքներ։
Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են, տեղեկացրել են Երևանի մենտրոպոլիտենից։
Հիշեցնենք՝ ԱԻՆ-ը նույնաբովանդակ ահազանգի մասին հաղորդել է նաև օգոստոսի 2-ին և հուլիսի 20․ այն ժամանակ ևս մետրոյի աշխատանքը դադարեցվել էր, քաղաքացիները՝ տարհանվել։ Պայթուցիկներ չէին հայտնաբերվել։ Թե՞ ովքեր էին «ահազանգողները»՝ հայտնի չէ։