Ուրբաթ օրը Միացյալ Նահանգներում հարձակման ենթարկված գրող Սալման Ռուշդիին անջատել են արհեստական շնչառության սարքից։ Կիրակի առավոտյան այս մասին հայտնել է նրա գրական գործակալ Էնդրյու Վայլին։
Հնդկական ծագումով բրիտանացի գրող Սալման Ռուշդին, ով «Սատանայական բանաստեղծություններ» իր վեպի համար 1988 թվականին մահվան էր դատապարտվել անձամբ Իրանի այաթոլա Խոմեյնիի կողմից, գիտակցության է եկել։ Վայլիի խոսքով, նա արդեն կարողանում է խոսել։
Հարձակման հետևանքով Ռուշդին կարող է կորցնել աչքը, վնասվել են նրա ձեռքի նյարդային հանգույցները և լյարդը: Կյանքին վտանգ այլևս չի սպառնում։
Ուրբաթ օրը Նյու Յորքի նահանգի Չատաքուա քաղաքում, հասարակական կազմակերպություններից մեկի նախաձեռնած միջոցառմանը, Սալամ Ռուշդին պետք է հանդես գար դասախոսությամբ։ Ելույթը դեռ չէր սկսվել, երբ բեմ ներխուժեց դիմակավորված մի երիտասարդ և դանակով հարվածեց գրողի պարանոցին և որովայնին։
https://twitter.com/GauravAgrawaal/status/1558121536480894976?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1558121536480894976%7Ctwgr%5Efd7799c65dcac409ac20cd5c31914c3e2c45ff46%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fhetq.am%2Fhy%2Farticle%2F147314
Հարձակվողը տեղում ձերբակալվել է։ Ռուշդիին անվասայլակներով դուրս են հանել Չոտոկուայի ինստիտուտի շենքից և ուղղաթիռով տեղափոխել հիվանդանոց։
Նույն օրը Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածը Նյու Ջերսի նահանգի 24-ամյա բնակիչ Հադի Մատարն է։ Մոտիվները դեռևս հայտնի չեն։ Գործով ոստիկանությունից բացի զբաղվում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն։ Նախաքննությունը շարունակվում է։
Հարձակումը դատապարտել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Բրիտանիայի մուսուլմանական խորհուրդը, բազմաթիվ այլ պաշտոնյաներ։
Հնդկական ծագմամաբ բրիտանացի գրող Սալման Ռուշդին հայտնի է հատկապես իր «Սատանայական բանաստեղծություններ» վեպով (լույս է տեսել 1988 թվականին)։ Որոշ մուսուլմաններ վեպը սրբապիղծ էին համարել։
1988 թվականին Իրանի այն ժամանակվա հոգևոր առաջնորդ այաթոլա Խոմեյնին իր ֆաթվայով Սակման Ռուշդիին դատապարտել էր մահվան։ Ընդ որում, ֆաթվան պատվիրակում էր սպանել ոչ միայն գրքի հեղինակին, այլև հրատարակման հետ կապ ունեցող մյուս անձանց։
9 տարի շարունակ Ռուշդին թաքնվում էր։ 1990-ականների վերջին Իրանի նոր իշխանությունները հայտարարեցին, որ չգործող են համարում 1989 թվականին մահացած այաթոլահ Խոմեյնիի արձակած ֆաթվան։ Կիսապաշտոնական մակարդակվ այն մնում էր ուժի մեջ։ Արևմուտքում ապրող Ռուշդիի գլխի համար իրանական իսլամանական հիմնադրամներից մեկը ժամանակին 3,3 միլիոն դոլար էր խոստացել։