Home / Ոստիկանություն / ՌԴ դեսպանատան մոտ արևային ակնոց ու պաշտպանիչ դիմակ կրելը ԱԱԾ-ի համար կասկածելի է

ՌԴ դեսպանատան մոտ արևային ակնոց ու պաշտպանիչ դիմակ կրելը ԱԱԾ-ի համար կասկածելի է

Խաղաղ հավաքի մասնակցության իրավունքի խախտման մասին ՀՔԱՎ հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել, մերժվել է նաև բողոքը։

2022 թ․ մարտի 25-ին Երևանի Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան խաչմերուկում օտարերկյա քաղաքացիների «НЕТ путинской ВОЙНЕ» («ՈՉ պուտինյան ՊԱՏԵՐԱԶՄԻՆ») կարգախոսով խաղաղ ակցիային միջամտել էին Հայաստանի ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները, պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր, սպառնացել, որ հակառակ դեպքում բոլորին բերման կենթարկեն ոստիկանության բաժին։ Սպառնացել են նաև, որ անձը  բացահայտելուց հետո տվյալները կփոխանցեն Ռուսաստանի դեսպանատուն, որպեսզի այնտեղ իմանան, թե Հայաստանի Հանրապետությունում ինչով են զբաղված իրենց քաղաքացիները, սուտ տեղեկատվություն են ներկայացրել, թե քանի որ նրանք Հայաստանի քաղաքացի չեն, Հայաստանում հավաք անցկացնելու իրավունք չունեն, մինչդեռ՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք։

Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գրում է․ «Ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել է մարդու խաղաղ հավաքների անցկացման իրավունքը, որի հիման վրա ՀՔԱՎ-ը մարտի 29-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Հաղորդման նյութերն ուսումնասիրել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և քրեական գործ չի հարուցել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Մինչդեռ հանցակազմի հատկանիշները պարզելու համար անհրաժեշտ է հարուցել քրեական գործ և նախաքննությամբ պարզել՝ արդյոք ոստիկանության աշխատակիցները ունեցե՞լ են լիազորություն խոչընդոտելու խաղաղ հավաքի մասնակիցերին իրականացնել իրենց ակցիան, այդ գործողություններում եղե՞լ են լիազորությունների չարաշահման դրսևորումներ, արդյոք Ռուսասատանի դեսպանատան պահակատանը ծառայություն իրականացնող աշխատակիցը ունեցե՞լ է իրավունք դեպանատան դիմացի մայթեզրին հավաքված ակցիայի մասնակիցներից պահանջելու անձը հաստատող փաստաթղթեր և լքել հավաքի վայրը, հավաքի մասնակիցներին հանցագործություն կատարելու մեջ կասկածելու բավարար և ծանրակշիռ հիմքեր կա՞ն, թե՞՝ ոչ։

Քրեական գործ չհարուցելու որոշման հիմքում կրկին դրվել են միայն ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների բացատրությունները, սակայն հենց նրանց պետք է վերագրվի ենթադրյալ հանցագործությունը։ Անտրամաբանական, նույնիսկ զավեշտալի է, որ ԱԱԾ աշխատակցի համար կասկածելին հավաքի մասնակիցների արևային ակնոցներն ու պաշտպանիչ դիմակներն են եղել։

Ոստիկանության աշխատակիցներն ակնհայտորեն ոչ իրավաչափ վարքագիծ են դրսևորել․ հեռախոսով լուսանկարել են հավաքի մասնակիցներից մեկի անձնագիրը, մասնակիցներից պահանջել տեղափոխվել իրենց կանգնած վայրից և որևէ կերպ չեն հիմնավորել այդ պահանջը՝ դրանով խոչընդոտելով, որ անցնող քաղաքացիները ուշադրություն դարձնեն հավաքի մասնակիցների իրական պահանջներին։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ՀՔԱՎ-ը բողոքարկել էր քրեական գործ չհարուցելու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը։ Մայիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է բողոքը»։

 

Ակցիան տեղի է ունեցել 2022 թվականի մարտի 25-ին