Home / Հայաստան / Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են սահմանին

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են սահմանին

Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրների փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։

Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ Գրիգորյանն ու Մուստաֆաևը համաձայնության են եկել հանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

Հայտարարությունում չի նշվում, թե հայ-ադրբեջանական սահմանագծի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել հանդիպումը: Չկա նաև լուսանկար կամ տեսանյութ:

Բրյուսելյան վերջին բանակցությունների ընթացքում որոշվել էր, որ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը տեղի կունենա հայ-ադրբեջանական միջպետական սահմանին։

Փաշինյան-Ալիև բանակցություններից մեկ օր անց՝ երեկ երեկոյան, Երևանն ու Բաքուն հրապարակել էին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։ Հանձնաժողովները գլխավորում են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների ղեկավարներն են։