Home / Մեդիա / Ժիժեկը հոդված է գրել Ուկրաինայի մասին

Ժիժեկը հոդված է գրել Ուկրաինայի մասին

Պատերազմ աշխարհում, որը ոչնչի կողմնակից է

Պուտինյան պատերազմի շարժիչը կանգ չի առնում ոչ միայն ռուսական նավթի ու գազի դիմաց եվրոպական վճարումների, այլև մեղսակից դասակարգի՝ «լյումպեն-բուրժուազիայի» շնորհիվ, որը մոտիվացված է բացառապես նյութական հարստության ատրիբուտներով։ Ուկրաինացիները և մնացած բոլորը դժվար ճանապարհով են սովորում՝ ինչպես է գլոբալ կապիտալիզմը հաղթում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին։

Ռուսաստանի և մյուս նախկին կոմունիստական երկրների այսպես կոչված օլիգարխները բուրժուա կրկնօրինակն են նրա, ինչ Մարքսն անվանեց լյումպեն-պրոլետարիատ․ անխոհ մի խումբ, որի անդամները չունեն դասակարգային գիտակցություն կամ հեղափոխական ներուժ, հետևաբար դյուրազգաց են քաղաքական մանիպուլյացիայի հանդեպ։ Այնուամենայնիվ, ի տարբերություն պրոլետարիատի, լյումպեն-բուրժուազիան, որն այս երկրներում ի հայտ եկավ 1980-ականների վերջերին, վերահսկում է կապիտալը (կապիտալի մեծ մասը)՝ պետական ակտիվների կատաղի «սեփականաշնորհման» շնորհիվ։ 

Վառ օրինակ է Ռոկ Սնեժիչը՝ Սլովենիայի աջական վարչապետ Յանեժ Յանշայի համագործակիցն ու ընկերը։ Որպես «անկախ հարկային խորհրդատու»՝ Սնեժիչն օգնում է սլովենական ընկերություններին տեղափոխվել ավելի ցածր հարկային իրավասությամբ Սերբական հանրապետություն (Բոսնիա և Հերցեգովինայի սերբական մասը)։ Ըստ երևույթին, նա չունի մասնավոր սեփականություն, իր նախկին հարկային հաշիվները ջնջել է՝ հայտարարելով սնանկության մասին:

Սնեժիչը, միևնույն ժամանակ, շրջում է նոր շքեղ մեքենաներով և միջոցներ ունի վճարելու վիթխարի բիլբորդային գովազդների համար։ Պաշտոնապես նա աշխատում է իր կնոջը պատկանող ընկերությունում, որտեղ ամսեկան 37,362 եվրո աշխատավարձ է ստանում՝ կանխիկով։ 

Բայց «նորմալ» կապիտալիզմն էլ է լյումպեն-բուրժուազիա ծնում։ Սնեժիչն այնքան էլ չի տարբերվում Դոնալդ Թրամփից, ով բարգավաճում է ճիշտ նույն պատճառով, որ ոչնչի կողմնակից է՝ մոտիվացված բացառապես փողով և նյութական հարստության ատրիբուտներով։

Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ուրվագիծը որոշել են նաև շուկայական արժեքները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծես արագացված դասընթացներ է անցել, թե ինչպես են իրականում գլոբալ կապիտալիզմն ու ժողովրդավարությունն աշխատում։ Պատերազմի սկզբից ի վեր Եվրոպան նավթի և գազի դիմաց Ռուսաստանին վճարել է գրեթե 40 միլիարդ դոլար՝ մղելով նրան դիտարկմանը, որ Արևմտյան երկրներն ավելի շատ անհանգստացած են էներգիայի աճող գներով, քան ուկրաինացիների կյանքերով։ Կապիտալիստական շուկան, որը վառելիք է մատակարարում ռուսական ռազմական մեքենային, լքել է Ուկրաինային։ 

Այս արյունոտ առևտրին վերջ դնելու համար հարկավոր է, որ կառավարությունները հրաժարվեն շուկայական մեխանիզմներից իրենց կախվածությունից և էներգիայի մատակարարումը սկսեն կազմակերպել առանց միջնորդի, ինչպես նաև անդրադառնան ռուսական պատերազմի առաջացրած պարենի համաշխարհային ճգնաժամին։ (Աշխարհում ցորենի երկու խոշորագույն արտահանողները լինելուց բացի՝ Ռուսաստանը և Ուկրաինան նաև քիմիական պարարտանյութերի հիմնական աղբյուրներն են Եվրոպայի համար)։ Պարադոքսալ է, բայց նորածին Խորհրդային Միության «ռազմական կոմունիզմը» վերհիշելուն ուղղված միջոցառումներն են միայն, որ կարող են փրկել Ուկրաինան և պահպանել Արևմտյան իշխանությունը։ Ի վերջո, Ռուսաստանը համագործակցում է Չինաստանի հետ ոչ միայն Արևմուտքին աշխարհաքաղաքական մարտահրավեր նետելու, այլև ամերիկյան դոլարն ու եվրոն համաշխարհային արժույթների շարքից հանելու համար։ 

Հաշվի առնելով, որ Արևմտյան սոլիդարությունը սահմանափակված է տնտեսական շահերով, ուկրաինացիները ստիպված կլինեն ընդունել, որ «Եվրոպան պաշտպանելը» բավարար չէ։ Ուկրաինան պաշտպանում է նաև ռուս ժողորդին՝ իրենց նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա լյումպեն-բուրժուազիայի (ինքնա)կործանարարությունից։ 

Մեկնաբանության մեջ, որ վերջերս հրապարակվել էր ռուսական Риа Новости պետական լրատվական գործակալության կողմից, Տիմոֆեյ Սերգեյցևը ներկայացնում է Ուկրաինայում Կրեմլի ցեղասպան նախագծի ամբողջ շրջանակը։  Հիմնական նախադրյալն այն է, որ Ուկրաինան հարկավոր է «դենացիֆիկացնել» և հետևաբար՝ դե-եվրոպականացնել, որովհետև «ժողովրդի զգալի մասը, ամենայն հավանականությամբ՝ մեծամասնությունը, յուրացվել է նացիստական ռեժիմի կողմից և ներքաշվել նրա քաղաքականության մեջ»։ Հիպոթեզը, որ «մարդիկ լավն են, իշխանությունն է վատը» չի աշխատում»։

Սերգեյցևը ոչ միայն նույնացնում է ուկրաինական քաղաքականությունը նացիզմի հետ, այլև պնդում է, որ «ուկրանացիզմը» ավելի մեծ վտանգ է աշխարհի և Ռուսաստանի համար, քան հիտլերյան նացիզմն էր։ «Ուկրաինա» անվանումն անգամ պետք է վերացվի։

Այսպիսով, Ռուսաստանը նախատեսում է Ուկրաինայի հետ անել այն, ինչ Բերտոլտ Բրեխտը նկարագրում է իր 1953 թվականի «Լուծումը» պոեմի մեջ՝ լուծարել ժողովրդին և ընտրել ուրիշը: Սերգեյցևի խելագար զառանցանքները մեկտեղելով Պուտինի այն պնդման հետ, որ Լենինն է հայտնագործել Ուկրաինան, կարող ենք նկատել այժմյան Ռուսաստանի դիրքորոշումը։ Ուկրաինան երկու հայր ունի․ Լենինը, ով հայտնագործել է այն, և Հիտլերը, ով ոգեշնչել է մերօրյա «ուկրանացիստներին» կյանքի կոչել Լենինի հայտնագործությունը։ 

Ի՞նչ է սա ենթադրում Ռուսաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի համար։ 

Ըստ Սերգեյցևի․ 

«Ռուսաստանը գործընկերային և դաշնակցային հարաբերությունների մեծ պոտենցիալ ունի այն երկրների հետ, որոնց Արևմուտքը հարյուրամյակներով ճնշել է և որոնք չեն պատրաստվում նորից ապրել նրա լծի տակ։ Առանց ռուսական զոհաբերության և պայքարի այս երկրները չէին ազատագրվի։ Ուկրաինայի դենացիֆիկացումը միևնույն ժամանակ նրա ապագաղութացումն է, ինչը ուկրաինացի ժողովուրդը կհասկանա հընթացս, երբ սկսի ազատագրվել այսպես կոչված եվրոպական ընտրության թմբիրից, գայթակղությունից և կախվածությունից»։

Այլ կերպ ասած, Ռուսաստանը պետք է արմատապես վերակողմնորոշվի՝ խզելով իր կապերը Արևմուտքի հետ, որպեսզի նոր կապեր հաստատի այն երկրների հետ, որոնք դաժանորեն շահագործվել են Արևմտյան գաղութային տերությունների կողմից։ Ռուսաստանն է, որ առաջնորդելու է ապագաղութացման համաշխարհային գործընթացը։ 

Արևմտյան իմպերիալիստական տերությունների կողմից Գլոբալ Հարավի դաժան շահագործումը ճշմարտություն է, որ երբեք չպետք է մոռացվի։ Բայց տարօրինակ է նման խոսակցություններ լսել Ռուսաստանից, որը նույնանման վարքագծի իր երկարամյա պատմությունն ունի։ 18-րդ դարում Եկատերինա Մեծը նվաճեց հարավ-արևելյան Ուկրաինան, Սիբիրից մինչև Ալյասկա և Հյուսիսային Կալիֆորնիա ընկած տարածքները։ Այժմ մեզ պատմում են, որ Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ուկրաինան «կապագաղութացվեն»․․․ ռուսական գաղութացման միջոցով։ Տարածքները կազատագրվեն հակառակ իրենց ժողովուրդների կամքին (ժողովուրդների, որոնք կամ պետք է վերակրթվեն, կամ լուծարվեն)։

Եվ եթե պետք է խուսափել նոր համաշխարհային պատերազմից, դա կարվի «տաք խաղաղության» միջոցով, հսկայական ռազմական ներդրումներով՝ ուղղված ուժերի նոր և փխրուն հավասարակշռությունը պահպանելուն։ Այդ փխրունությունը բխում է ոչ միայն իրար հակասող տնտեսական շահերից, այլ նաև իրականության՝ իրար հակասող մեկնաբանություններից, որոնք փաստերի հաստատում չեն միայն։ 

Ռուսական պնդումների սխալականությունը ապացուցելու փորձերը հաշվի չեն առնում Պուտինի պալատական փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի միտքը․ «Պոստ-մոդեռնությունը ցույց է տալիս, որ ցանկացած այսպես կոչված ճշմարտություն հավատանքի խնդիր է։ Ուստի մենք հավատում ենք նրան ինչ անում ենք, մենք հավատում ենք նրան ինչ ասում ենք։ Դա է ճշմարտությունը սահմանելու միակ եղանակը։ Մենք ունենք մեր հատուկ ռուսական ճշմրատությունը, որը դուք պետք է ընդունեք»։

Հավատքը, կարծես, չեղյալ է ճանաչում գիտելիքը։ «Հատուկ ռուսական ճշմարտության» համաձայն՝ Ռուսաստանի զինվորները Բուչայում և ուկրաինական այլ քաղաքներում ու գյուղերում իրենց հետևից չեն թողել քաղաքացիական անձանց դաժանաբար տանջված դիեր։ Այդ վայրագությունները ենթադրաբար բեմադրել են Արևմտյան քարոզիչները։

Այս հանգամանքները հաշվի առնելով, Արևմուտքցիները պետք է դադարեն առաջարկել, որ Զելենսկին հանդիպի Պուտինի հետ՝ բանակցելու խաղաղության կարգավորման շուրջ։ Դա հիմարի հանձնարարություն է։ Բոլոր հնարավոր բանակացությունները պետք է վարվեն ցածր մակարդակի բյուրոկրատների կողմից։ Պուտինը և իր ներքին շրջանակը հանցագործներ են, որոնք պետք է հնարավորինս անտեսվեն։ Վերջիվերջո, Ռուսաստանի ժողովրդի զգալի մասը պետք է սա հասկանա։ 

Նախկին Հարավսլավիայում կոռումպացված ոստիկանները բազմաթիվ անեկդոտների հերոս էին։ Դրանցից մեկում ոստիկանը անսպասելիորեն վերադառնում է տուն և հայտնաբերում անկողնում միայնակ պառկած կնոջը՝ կիսամերկ և գրգռված վիճակում։ Կասկածելով, որ նրա սիրեկանը թաքնված է մահճակալի տակ, նա կռանում է ստուգելու։ Մի քանի վայրկյան անց վեր է կենում և մրթմրթում․ «Ամեն ինչ կարգին է, մարդ չկա»՝ արագորեն գրպանը խոթելով թղթադրամների կապոցը։ 

Ինչ-որ առումով մենք բոլորս այդ ոստիկանն ենք, որ ընդունում ենք դժբախտությունն ու նվաստացումը որպես վճար որոշակի հավելյալ հաճույքի դիմաց։ Ռուսաստանում չարչարված բնակչությունը փոխհատուցվում է ոչ թե թղթադրամներով, այլ էժան հայրենասիրական հպարտությամբ։ Արևմուտքում մենք թույլ ենք տալիս, որ Ուկրաինայում և այլուր մարդու իրավունքներին մեր նվիրվածության չափը թելադրի շուկան։

Սլավոյ Ժիժեկ
անգլերեն բնագիրը՝ project-syndicate.org-ում