Home / Կանանց իրավունքներ / Քաբուլում ծեծել են «հաց, աշխատանք, ազատություն» պահանջող կանանց

Քաբուլում ծեծել են «հաց, աշխատանք, ազատություն» պահանջող կանանց

Թալիբանի իշխանության վերադարձի մեկամյակին ընդառաջ՝ օգոստոսի 13-ին Աֆղանստանում տասնյակ կանայք դուրս էին եկել ցույցի Կրթության նախարարության շենքի դիմաց։ Ուժայինները ցրել են բողոքի ակցիան՝ ծեծելով կանանց և կրակելով օդ, հայտնում է Agence France-Presse գործակալությունը։ 

Կանայք, որոշները առանց քողի, «օգոստոսի 15-ը սև օր է» գրությամբ բաներով ու «հաց, աշխատանք և ազատություն» վանկարկումներով՝ պահանջում էին աշխատելու և քաղաքական մասնակցություն ունենալու իրավունք։

Ուժայինները օդ են կրակել և հարձակվել կանանց վրա։ Ցույցը ցրվել է, բայց մոտակա խանութներում թաքնվածներին ոստիկանները հետապնդել և հրացաններով ծեծել են, բռնագրավել են ոմանց հեռախոսները։

2021թ․-ի օգոստոսի 15-ին Թալիբանի խմբավորումը հետ եկավ իշխանության և կանանց իրավունքների սակավաթիվ ձեռքբերումները երկրում սկսեցին ճնշվել։ Կանանց արգելվեց ցույցերի դուրս գալ և պաշտոն ունենալ կառավարությունում։ 

Մարտին կանանց արգելվեց սովորել միջնակարգ դպրոցում, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր աղջիկներ հեռացվեցին դպրոցներից։ Այս արգելափակումից հետո Աֆղանստանի տարբեր մարզերում սկսեցին գործել գաղտնի դպրոցներ՝ հատուկ աղջիկների համար։

Մայիսին Թալիբանի առաջնորդը և փաստացի երկրի ղեկավարը հրամայեց կանանց ամբողջովին փակ հագնվել հասարակական վայրերում, այդ թվում՝ քողարկել դեմքը։ 

Հիշեցնենք՝ 2021 թվականի սեպտեմբերի սկզբին տասնյակ կանայք Աֆղանստանի խոշոր քաղաքներում՝ Քաբուլում և Հերատում դուրս էին գալիս փողոց՝ ըննդդեմ «Թալիբանի» իշխանության, Պակիստանի միջամտության, կանանց բռնաճնշման, ինքնադատաստանների։ Ուժայինները ցույցերը ցրել էին կիրառելով արցունքաբեր գազ և զենք․ կային զոհեր։